«Հարսանիք Թիկունքում» ներկայացումը կէկրանավորվի
Շուրջ երկու տարի Հայաստանի, Արցախի ու սփյուռքի թատերական դահլիճները լեփ-լեցուն պահած «Հարսանիք Թիկունքում» ներկայացումը կէկրանավորվի: Այս մասին Գյումրու թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Վերջապես կարող եմ արձակուրդս օգտագործել նոր ստեղծագործական աշխատանք սկսելու համար: Այսօրվանից մեկնարկում են «Հարսանիք Թիկունքում» ներկայացման էկրանավորման նախապատրաստական աշխատանքները: 2018-ին բեմ բարձրացած ներկայացումը շուտով կլինի բոլոր կինոթատրոնների էկրանին և հասանելի կլինի նաև սփյուռքի մեր հայրենակիցներին»,-գրել է փոխքաղաքապետը:
Պիեսի հեղինակը Անահիտ Աղասարյանն է, բեմական տարբերակի հեղինակը՝ Լյուդվիգ Հարությունյանը, էկրանավորման ռեժիսորն է Արշալույս Հարությունյանը, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը:
Դերասանական կազմում փոփոխություն չի եղել, նկարահանվելու են Գյումրու թատրոնի արտիստները:
«Հարսանիք Թիկունքում»-ը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմ է բերձրացել 2018 թվականին: Հիմքում Արցախյան պատերազմի մասին իրական պատմություն է: