շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Համոզված եմ, որ Ձեր այցելությունը միանշանակ իր նպաստը կբերի մեր հարաբերությունների զարգացմանը. Խաչատուրյանը՝ Իտալիայի մշակույթի նախարարին

Համոզված եմ, որ Ձեր այցելությունը միանշանակ իր նպաստը կբերի մեր հարաբերությունների զարգացմանը. Խաչատուրյանը՝ Իտալիայի մշակույթի նախարարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը:

Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախագահ Խաչատուրյանն ասել է. «Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամական կապերն իրենց նշանակությունն են ունեցել մեր պետությունների հարաբերությունների կառուցման գործում: Այդ գործում կարևորագույն բաղադրիչ է կազմել մշակույթը, մշակութային ընդհանրությունները, առանձնահատկությունները, մեր որդեգրած քաղաքակրթական արժեքները, որոնք նույնպես հիմնված են մշակույթի վրա: Այդ ամենն իր ազդեցությունն է ունեցել քաղաքական մեր համագործակցության վրա, որը հիմնված է փոխվստահության վրա:

Համոզված եմ, որ Ձեր այս այցելությունը միանշանակ իր նպաստը կբերի մեր հարաբերությունների զարգացմանը, նոր գաղափարների հղացման առիթ և հնարավորություն կտա մշակութային համագործակցության բնագավառում»:

Իտալիայի մշակույթի նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Իտալիան Հայաստանի բարեկամ երկիր է, և մեզ միավորում են հազարամյա բարեկամական կապերն ու հարաբերությունները: Ես այստեղ եմ գտնվում, որպեսզի մենք կարողանանք ավելի ամրապնդել մեր հարաբերությունները և համագործակցությունը: Մշակույթը, ինչպես նաև մնացած բոլոր հիմքերը, որոնք կապում են մեզ, կարող են կայուն հիմնասյուն լինել այդ ամենն իրականացնելու համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական մշակութային կապերի խորացման ու երկկողմ միջոցառումների իրականացման, մշակութային քաղաքականության իտալական լավագույն փորձի կիրառման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել պատմամշակութային հուշարձանների և արվեստի ստեղծագործությունների վերականգնման և ռեստավրացման ոլորտում իտալացի մասնագետների գիտելիքներն ու հմտությունները Հայաստանում կիրառելու հարցին:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգին և շեշտել, որ այդ արժեքները ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթի կոթողներ են, որոնց ոչնչացումն անթույլատրելի է:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի սպառնալիքին: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղություն ապահովելու իր դիրքորոշմանը:

 

  • Կիսվել: