երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մարտի 20-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված գալա համերգ և պաշտոնական ընդունելություն, որով ազդարարվեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի պաշտոնական մեկնարկը:

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Միջոցառման բացման արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում ֆրանկոֆոն պետությունների դեսպանների խմբի նախագահ, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի ամբողջ տարածքում կազմակերպվելու են 800-ից ավելի միջոցառումներ՝ Հայաստանի ֆրանկոֆոն դերակատարների, պետական գերատեսչությունների և Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն պետությունների դեսպանությունների գործուն մասնակցությամբ: Պարույր Հովհաննիսյանը շեշտել է, որ այս տարվա երկամսյակի ծրագրում բազմաթիվ միջոցառումներ նվիրված են ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին, որի 100-ամյակն այս տարի նշվում է ՅՈUՆԵՍԿՕ-ի հետ համագործակցաբար և ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց ու կարևոր իրադարձությունների տարելիցների 2024-2025 թթ. օրացույցում:

Միջոցառման շրջանակներում Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածման գործում նշանակալի ներդրում ունենալու համար ՀՀ ԱԳ նախարարության պատվո մեդալներով պարգևատրվել են «Հայաստանի Ալյանս ֆրանսեզ» կազմակերպության հիմնադիր և տնօրեն, Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի նախագահ Սյուզան Ղարամյանը և «Լը Կուրիե դ՛Էրևան» («Le Courrier d'Erevan») հայկական ֆրանսալեզու պարբերականի հիմնադիր, Ֆրանկոֆոն լրագրողների միջազգային միության գլխավոր քարտուղար Զառա Նազարյանը:

Համերգի ընթացքում հնչել են ֆրանկոֆոն երկրները ներկայացնող երաժիշտների ստեղծագործություններ՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի կատարմամբ:

  • Կիսվել: