կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Համատեղ ուժերով կարող ենք ավելի արդյունավետ աշխատել. Դանիել Դանիելյանի մշակութային հաստատություններ այցերը շարունակվում են

Համատեղ ուժերով կարող ենք ավելի արդյունավետ աշխատել. Դանիել Դանիելյանի մշակութային հաստատություններ այցերը շարունակվում են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շարունակում է մշակութային հաստատություններ այցերը: Այդ շրջանակում նա այցելել է Հայաստանի կոմպոզիտորների միություն և Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն:
 
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալին ներկայացրել է միության գործունեությունը, նախատեսվող ծրագրերը, միջազգային համագործակցության ներկա ծրագրերն ու հեռանկարները: Առաջիկա ծրագրերից կարևորվել են Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի 100 և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակները: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, որը փոխնախարարին ներկայացրել է սեպտեմբերի 12-14-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայանալիք «Արամ Խաչատրյան-120» խորագրով միջազգային գիտաժողովի ծրագիրը։
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մասնավորապես հետաքրքրվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթի ընթացքով: Դանիել Դանիելյանը կարևորել է վաղ տարիքից պատանիներին կոմպոզիտորական արվեստով խրախուսելու և այդպիսով ոլորտը զարգացնելու ցանկացած նախաձեռնություն: ԿԳՄՍ փոխնախարարը կարևորել է նաև հայկական երաժշտարվեստի հանրահռչակումը արտերկրում, ինչպես նաև միջազգային հռչակ ունեցող ստեղծագործությունների կատարումը Հայաստանի բեմերում: Դանիել Դանիելյանը առանձնակի շեշտել է մշակույթի և արվեստի ապակենտրոնացումը և մարզային կառույցների ակտիվ համագործակցության զարգացումը:
 
«Արդյունավետ կարող ենք աշխատել, եթե համատեղենք մեր ուժերն ու ռեսուրսները, ոչ թե ամեն մեկս մեր կառույցում նստած առանձին գործունեություն ծավալենք»,- ասել է Դանիել Դանիելյանը:
 
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում գեղարվեստական ղեկավար Դավիթ Բաբայանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջել է թատրոնում, ծանոթացել շենքային պայմաններին ու գույքային հագեցվածությանը, թատրոնի կրթամշակութային ծրագրերին ու գործունեությանը: Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ մշակութային ցանկացած ծրագիր, որ իրականացվում է երեխաների համար, պետք է ունենա կրթական բաղադրիչ՝ ապահովելով կրթության և մշակույթի ամուր կապը: Քննարկվել են մարզերի երեխաներին տիկնիկային արվեստը հասանելի դարձնելու ծրագրերն ու դրանց զարգացման հեռանկարները: ԿԳՄՍ փոխնախարարը հավաստել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու ցանկացած նախաձեռնության, որը կզարգացնի ոլորտը՝ ապահովելով ներառականությունն ու մասնակցայնությունը:

  • Կիսվել: