երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Համատեղ համագործակցությունը կնպաստի, որ Գառնու Տաճարն ապագայում ևս կարողանանք ընդգրկել ՅՈՒԵՆՍԿՕ-ի ցանկում․ Ֆրանսիայի մշակույթի նախարար

Համատեղ համագործակցությունը կնպաստի, որ Գառնու Տաճարն ապագայում ևս կարողանանք ընդգրկել ՅՈՒԵՆՍԿՕ-ի ցանկում․ Ֆրանսիայի մշակույթի նախարար

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում մշակույթը կարևոր տեղ է գրավում։ Այս մասին նա հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Շատ ուրախ եմ այսօր պատվիրակությամբ այստեղ գտնվելու համար: Պատվիրակության կազմում կան պառլամենտի ներկայացուցիչներ, այստեղ է նաև պարոն Ժորժ Քեփենեկյանը, որը Լիոնի նախկին քաղաքապետն է: Լիոնն ինձ շատ հոգեհարազատ քաղաք է. ես Լիբանանից այնտեղ եմ տեղափոխվել ու ապրել երկար տարիներ: Հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին խոսելիս անմիջապես մտածում ենք մշակույթի, արվեստի, երաժշտության, գործընկերային և երկու երկրների հարաբերություններում առկա ուժի մասին: Այս դժվարին պահին հույժ կարևոր է ասել, որ Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին է: Ձեր կողքին է ոչ միայն դիվանագիտական, այլև մշակութային և այլ ոլորտներում սատարման առումով», - ասել է նա։

Ռիմա Աբդուլ Մալակը նշել է, որ Ֆրանսիան տարբեր երկրների հետ բազմաթիվ մշակութային համագործակցության ծրագրեր է իրականացնում, սակայն Հայաստանի հետ համագործակցությունն առաձնահատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ առկա է նաև հոգևոր և զգացմունքային կապը:

Ֆրանսիայի մշակույթի նախարարը նշել է նաև, որ ինչպես Ֆրանսիան, այնպես էլ Եվրամիությունը կշարունակեն աջակցություն ցուցաբերել Հայաստանին այս դժվարին պահին:

Խոսելով մշակութային համագործակցության շարունակականության մասին՝ վերջինս նշել է, որ նախատեսվում է նոր ծրագիր Գառնու հեթանոսական տաճարի և Նիմ քաղաքի հռչակավոր Մեզոմ Կարրե տաճարի համագործակցության ուղղությամբ։

«Համատեղ համագործակցությունը կնպաստի, որ Գառնու Տաճարն ապագայում ևս կարողանանք ընդգրկել ՅՈՒԵՆՍԿՕ-ի ցանկում»,- ասել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը:

Ռիմա Աբդուլ Մալակը խոսել է նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ փոխգործակցության նոր ծրագրեր ունենալու մասին. «Մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը մշակութային ժառանգության պահպանման հարցում, ինչպես նաև կիրականացնենք մշակութային ոլորտում բազմաթիվ մասնագետների վերապատրաստման և փորձի փոխանակման ծրագրեր: Եվս մեկ համագործակցություն է նախանշվում հայկական և ֆրանսիական կինոկենտրոնների միջև։ Այցի շրջանակում տարբեր գաղափարներ են առաջացել, որոնք վերաբերում են երաժշտության, մշակույթի ոլորտներին ևս»,- ասել է նա:

«Հայ-ֆրանսիական բարեկամական համագործակցության համար 2024 թ. կարևոր տարի է. համատեղ նշելու երկու հարյուրամյակներ ունենք՝ Շառլ Ազնավուրինն ու Սերգեյ Փարաջանովինը: Սա շատ լավ առիթ է, որ մենք կարողանանք թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում մեծարել այս երկու կարևորագույն անձանց, որոնք իրենց լուման են ներդրել ոչ միայն հայ և ֆրանսիական մշակույթներում, այլև մեծ արժեք ունեն համաշխարհային մշակույթի մեջ: 2024 թվականը կնշանավորվի նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովով: Մենք հիշում ենք, թե 2018 թվականին այն որքան լավ անցկացվեց Հայաստանում: Գիտեմ, որ Հայաստանում շատ մարդիկ ցանկանում են ֆրանսերեն ուսումնասիրել, և մենք անպայման դրան կնպաստենք», - նշել է Ռիմա Աբդուլ Մալակը:

 

  • Կիսվել: