Համագործակցության հուշագիր ՝ ուղղված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության անցկացմանը
Հայաստանի պատմության թանգարանը, «Մշակույթի զարգացման» հիմնադրամը և «Կերոն» զարգացման հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը Հայաստանում կյանքի կոչելու նպատակով:
Համագործակցությունը կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ: Այն ստորագրեցին Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրենի Ժ/Պ Կարեն Ավետիսյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց՝ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները արդեն իսկ ավարտական փուլին են մոտենում: Ըստ նրա՝ ցուցահանդեսի սրահում լինելու է հատուկ պատրաստված ցուցադրական կահույք, հատուկ ձևավորում, գործելու են անվտանգության նոր տեխնիկական համակարգեր, որոնք պատրաստվել են Բրիտանական թանգարանի ստանդարտներին համապատասխան: Պողոսյանը հույս հայտնեց, որ նմանատիպ ցուցահանդեսները Հայաստանում գնալով կդառնան ավանդույթ:
«Շնորհակալություն եմ ուզում հայտնել ԿԳՄՍ նախարարությանը, որը դեռ նախաձեռնության սկզբից մշտապես մեծ վստահությամբ աջակցել է բոլոր աշխատանքներին, մեր անմիջական գործընկերներին և հատկապես գլխավոր հովանավորին՝«Կերոն» զարգացման հիմնադրամին, ինչպես նաև «Մշակույթի զարգացման» հիմնադրամին, որի դեբյուտային կարևոր նախագիծն է սա՝ մեզ հետ համատեղ: Շնորհակալություն եմ հայտնում հատկապես Բրիտանական թանգարանին, որը մեզ վստահել է և շարունակում է մեզ հետ աշխատել»,- նշեց Պողոսյանը։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի խոսքով՝ ցուցահանդեսին Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի հետ կներկայացվի նաև Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից մայր աստվածությանը վերաբերող նշանակալի ընտրանի՝ սկսած հնագույն ժամանակներից, մինչև մեր օրեր:
Թանգարանի տնօրենն ընդգծեց՝ ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 21-ին՝ յուրահատուկ և նոր ձևաչափով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծեց՝ շատ խորհրդանշական է որ ժամանակավոր ցուցադրության բացումը համընկնում է Հայաստանի անկախության օրվա հետ:
«Շատ եմ կարևորում, որ այս ցուցադրության շրջանակում մենք ունենք նաև շատ լավ համագործակցություն մասնավորի հետ, այսինքն՝ սա նաև պետություն-մասնավոր համագործակցության շատ լավ մոդել է: Վստահ եմ, որ «Կերոն» զարգացման հիմնադրամի հետ համագործակցությունը հաջող ընթացք կունենա»,- ասաց փոխնախարարը:
Նա ընդգծեց՝ ցուցադրության մարքեթինգային արշավն իրականացնելու է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, որի համար պետական բյուջեից հատկացվել է 16 միլիոն դրամ: Նաև հավելյալ հատկացումներ են լինելու ցուցադրության բացման արարողությունը հավուր պատշաճի իրականացնելու նպատակով:
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն ընդգծեց՝ ուրախ է, որ հիմնադրամը այս բացառիկ ցուցադրությունը կյանքի կոչելու գլխավոր հովանավորն է:
«Ես հուսով եմ, որ այս վեց ամիսների ընթացքում ցուցադրությանը զուգահեռ ԿԳՄՍ նախարարության և պատմության թանգարանի հետ կկարողանանք իրագործել մի շարք ծրագրեր»,- նշեց «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը:
«Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրենի Ժ/Պ Կարեն Ավետիսյանն էլ ընդգծեց, որ այս կարևոր, պատմական և եզակի իրադարձությունը մի շարք բարդություններ և խոչընդոտներ է հաղթահարել:
«Առաջիկա օրերին կմեկնարկի մարքեթինգային արշավը, որում բոլորի աջակցությունը կկրկնապատկի այն ակնկալիքը, որի համար արված է այսպիսի հսկայական աշխատանք»,- նշեց Ավետիսյանը:
Բանախոսները քաղաքացիներին խորհուրդ տվեցին ցուցադրության տոմսերը գնել արդեն իսկ գործող էլեկտրոնային տոմսերի միասնական համակարգից՝ հերթերի գոյացումից խուսափելու համար: