երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և AMAA-ի Ավետիսյան դպրոցի միջև

Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և AMAA-ի Ավետիսյան դպրոցի միջև

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և AMAA-ի Ավետիսյան դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ըստ հուշագրի` «ԴասA» ծրագրի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Ավետիսյան դպրոցում կիրականացնի երաժշտական դասընթացներ չորս փուլով, կկազմակերպվեն նաև աշակերտների այցելություններ դասական երաժշտության համերգների։

Երաժիշտները կրթօջախի սաների հետ հանդիպումների ընթացքում կներկայացնեն սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքը, երաժշտական կազմը, գործիքակազմը, դիրիժորի աշխատանքը, համաշխարհային և հայ կոմպոզիտորների կյանքի մասին հետաքրքիր դրվագներ, դասական երաժշտության համերգների ժամանակ ընդունելի վարքականոնը: Աշակերտները հնարավորություն կստանան ինտերակտիվ խաղերի միջոցով ծանոթանալ երաժշտական գործիքների հետ, ինչպես նաև նվագել: Իսկ համերգների ընթացքում կենդանի կատարմամբ կունկնդրեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ելույթները:

«ԴասA» կրթամշակութային ծրագիրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2018 թվականից։ Այն մեծ արձագանք է ստացել աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների շրջանում։ Ծրագրի շրջանակում 2023թ. նախատեսվում է այցելել 36 դպրոց. 30-ը՝ Երևանում, 6-ը՝ մարզերում։ Կազմակերպիչներն արդեն իսկ այցելել են Երևանի 16, մարզերի (Լոռու, Արմավիրի, Կոտայքի) 3 դպրոց: 7724 աշակերտ ներգրավված է եղել ծրագրում:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնը կրթական հաստատություն է, որը տրամադրում է 12-ամյա բարձրորակ, համակողմանի և անվճար կրթություն։

Դպրոցի շենքի ժամանակակից ճարտարապետությունը դյուրացնում և բարելավում է
ուսումնական գործընթացը։ Կրթահամալիրն արժանացել է «LEED Արծաթ» հավաստագրի՝ որպես բնապահպանական պահանջներին համապատասխանող նախագիծ և տարածաշրջանում նման եզակի կառույցներից մեկը։

Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած այս դպրոցն աջակցում է Երևանի Հարավարևմտյան թաղամասի՝ գլխավորապես ցածր եկամուտ ունեցող համայնքին։

AMAA-ի առաքելությունը հասարակության խոցելի խմբերին անհրաժեշտ գործիքակազմով զինելն է՝ դառնալու բազմակողմանի զարգացած քաղաքացիներ և իրացնելու սեփական ներուժը։ Վերջին չորս տարիների ընթացքում կրթահամալիրի ավագ դպրոցն ունեցել է 111 շրջանավարտ, որոնց 100%-ը կրթությունը շարունակել է երկրի առաջատար բուհերում։

  • Կիսվել: