երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գյումրիում բացվել է «Հավերժի վավերագրողները. Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը

Գյումրիում բացվել է «Հավերժի վավերագրողները. Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը

Գյումրիի համայնքային ցուցասրահում բացվել է  «Հավերժի վավերագրողները. Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է դերասան, լուսանկարիչ Արամ Վրույրի ծննդյան 160-ամյակին։

Թեև Արամ Վրույրի (Արամ Մաքասճյան 1863-1924 թթ.) անունը հիմնականում կապում են թատերական արվեստի հետ, սակայն բեմական և գրական գործունեությանը զուգընթաց շուրջ երեք տասնամյակ նա զբաղվել է հնագիտական լուսանկարչությամբ։ 1904-1917 թթ. նա մասնակցել է Նիկողայոս Մառի գլխավորած գիտարշավներին և հենց նրա անմիջական մասնակցությամբ էլ հայտնաբերվել են Անիի Գագկաշեն եկեղեցու ավերակները:

Ցուցադրությունում տեղ են գտել նաև Արամ Վրույրի որդիների՝ Արա և Արտաշես Վրույրների կողմից արված մի շարք արխիվային լուսանկարներ։ Լուսանկարչի որդիների շնորհիվ պահպանվել և մեզ են հասել Ադրբեջանի կողմից ոչնչացված Ջուղայի՝ խաչքարերով հարուստ գերեզմանատան լուսանկարները։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի և Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի հետ համատեղ:        

  • Կիսվել: