երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Գթության ոսկե շղթա» ֆիլմի աշխատանքները դադարեցված են. Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Գթության ոսկե շղթա» ֆիլմի աշխատանքները դադարեցված են. Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Պարոն Նիկոլ Փաշինյանին։

Պատճեն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին։

Մեծարգո պարոն վարչապետ, ստիպված եմ նման բաց նամակի ձևաչափով դիմել Ձեզ, քանզի արդեն շուրջ վեց ամիս է մեզ չի հաջողվում ՀՀ ԿԳՄՍ-ի և Հայաստանի Ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի հետ լուծել մեր առջև հանիրավի առաջացրած խնդրահարույց հարցը: Խնդիրը հետևյալն է. մեր ընկերության կողմից արտադրվող՝ «Երախտագիտության քարտեզ» կինոնախագծի երրորդ՝ «Գթության ոսկե շղթա» վավերագրական, խաղարկային լիամետրաժ ֆիլմի արտադրության համար մրցույթային կարգով սահմանված, պայմանագրով, համաձայնագրով և վճարման ժամանակացույցով հաստատված պետական ֆինանսական մասնակի աջակցության գումարները արդեն վեց ամիս է չի հատկացվում՝ զուտ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով:

Քանի որ ս.թ. մարտ ամսից սկսած, վերոհիշյալ կառույցները անընդհատ հավաստիացնում էին մեզ, որ գումարները շուտով կհատկացվեն, այդ իսկ պատճառով, որպես ընկերության տնօրեն, ֆիլմ արտադրող պրոդյուսեր, նախագծի հեղինակ, ստիպված էի փոխառության միջոցով և նույնիսկ իմ միակ բնակարանի վաճառքի փողերով, ինչպես նաև աջակիցների օգնությամբ սկսել ֆիլմի նկարահանումները՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Լիբանանում և Հայաստանում:

2. Նման որոշում ես կայացրեցի, քանզի նախ ունեինք արդեն հաստատված պայմանագիր Ազգային Կինոկենտրոնի հետ և հետո, քանի որ մեծ դժվարությամբ ձեռք էին բերված մի շարք պայմանավորվածություններ հիշյալ երկրների փորձագետ պատմաբանների, տարբեր արխիվային կառույցների և դերակատարների հետ, եթե հետաձգեինք այն, ապա նախագծի կայացումը վտանգված կլիներ: Այդ իսկ պատճառով, ստիպված սուղ միջոցներով և փոքրաքանակ կազմով մենք զօր ու գիշեր աշխատեցինք, որպեսզի կարողանանք նկարահանումները ավարտել և ֆիլմը էկրան բարձրացնել գալիք դեկտեմբերի 9-ին՝ ցեղասպանվածների հիշատակին նվիրված միջազգային օրը:

Այո, մենք երկու ամսվա ընթացքում ավարտեցինք ֆիլմի ողջ նկարահանումները 4 երկրների 12 քաղաքներում, իսկ հիշյալ երկու պետական կառույցները գտնվելով մեկ քաղաքում, առայսօր չեն կարողանում, կամ չեն ցանկանում լուծել իրենց վերապահած պարտավորությունները: Մեծարգո պարոն վարչապետ, 14 տարի բարեփոխումների պահանջով իմ և իմ գործընկերների կողմից տարված պայքարից հետո Ձեր առաջադրած բարեփոխումների ծրագիրը հուսադրող էին, որը կարծես համահունչ էր նաև մեր տեսլականին, բայց ցավոք պետք է արձանագրեմ, որ կինոլորտում, այն ընդամենը իմիտացիայի տեսքով է կատարվում, որը հեռու է զարգացման միտումներից: Իմ և շատերի տպավորությունն է, որ թեկուզ կարծես չկան նախկինի պես համատարած կաշառքի և «ատկատի» երևույթները, բայց փոխարենը մեծ զարգացում է ստացել «սաբոտաժի» երևույթը, որը հղի է իր ծանր հետևանքներով:

Օրինակներից մեկը՝ մեր կինոնախագծի նկատմամբ կիրառվող միտումնավոր, երկակի ստանդարտով գործառույթներն են, որի միակ պատճառը իմ համոզմունքով այն է, որ ես չեմ քաջալերում կինոոլորտում կատարվող նման «անպտուղ» բարեփոխումներիը, ավելին՝ ըստ առիթի բարձրաձայնում եմ թերությունների և չկատարվող առաջնային կարևոր խնդիրների մասին ու նաև, որպես անկախ կինոարտադրող, հեռու լինելով երեսապաշտությունից և սնափառությունից, հիմնականում արտադրում եմ ազգային և պետական կարևոր նշանակություն ունեցող ֆիլմեր, որոնք բարձր գնահատականների են արժանանում թե մասնագետների, թե սովորական հանդիսատեսի կողմից, որի վառ ապացույցն են ֆիլմերից մեկի շահած 115 մրցանակները միջազգային կինոփառատոններում, որոնցից 2-ը տրվել է նույնիսկ թուրքական միջազգային կինոփառատոնի կողմից:

3. Մեծարգո պարոն վարչապետ, չգիտեմ հասանելի կլինի արդյոք Ձեզ այս նամակը, թե ոչ, բայց այս միջոցով ցանկացա Ձեզ իրազեկել մեր խնդրի և կինոոլորտում տիրող իրավիճակի մասին, որը իմ և իմ գործըներների համոզմամբ արդեն իսկ հղի է վատ հետևանքներով: Ավելացնեմ նաև, որ եթե մոտակա ժամանակերում չհանգուցալուծվի մեր ֆիլմի հետ կապված այս թնջուկը և վերջ չտրվի ոլորտում տիրող ամենաթողությանը, ապա ստիպված կդադարեցվի ֆիլմի հետարտադրական աշխատանքները ու թեկուզ ցավով, ինքս էլ հետայսու ստիպված կդադարեցնեմ նաև իմ կինոգործունեությունը Հայաստանում:

Հ.Գ. Այս հղումների միջոցով կարելի է ծանոթանալ նաև մեր ընկերության, նրա կողմից արտադրված և ընթացքի մեջ գտնվող ֆիլմերի մասին։ https://manpictures.am/en/production/ https://www.imdb.com/title/tt23049984/?ref_=hm_rvi_tt_i_1

Հարգանքով և հարցին միջամտելու ակնկալիքով՝ Մանվել Սարիբեկյան

Ֆիլմի պրոդյուսեր, «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն

  • Կիսվել: