Գրականության և արվեստի թանգարան կցուցադրվի Ազնավուրի առաջին բեմական զգեստը
Գրականության և արվեստի թանգարանի նոր ցուցասրահում սեպտեմբերի 18-ից կգործի «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շարքը, որի շրջանակում պարբերաբար կցուցադրվեն թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշներ։
Շարքի մեկնարկը կտրվի մեծն շանսոնյեի 100-ամյակին նվիրված «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ, որի առանցքային մաս է կազմելու բացառիկ նմուշ հանդիսացող՝ Ազնավուրի առաջին բեմական զգեստը։
Ազնավուրի մայրը՝ Քնարը, դերասանուհի էր, իսկ հայրը՝ Միքայելը (Միշան)՝ երգիչ։ Շառլը թատրոնի և երաժշտության աշխարհին ծանոթ էր դեռ մանկուց: 1933 թվականին ծնողները որոշում են իրենց 9-ամյա որդուն տանել Ռոնյոնի արվեստի դպրոց, քանի որ փոքրիկ Շառլը երազում էր դերասան դառնալ։ Ուսումնառության առաջին իսկ տարում տաղանդավոր տղան անգամ բեմ է բարձրանում։ Շառլն իր համար բեմական անուն է ընտրում Ազնավուրը և սկզբնական շրջանում Պտի-Մոնդ անունը կրող փոքրիկ էստրադային բեմում հանդես է գալիս որպես պարող, ապա սկսում է մանկական դերեր կատարել Օդեոն, Մադլեն, Մարինի փարիզյան թատրոններում։
«Ազնավուրի մանկության թատրոնը» ժամանակավոր ցուցադրությանը ներկայացվելու են նաև երբևէ չցուցադրված ցուցանմուշներ՝ Ազնավուրի մանկության լուսանկարներ, ներկայացումների ազդագրեր։