երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գոյ թատրոնի տնօրենն ազատվել է պաշտոնից. թատրոնի կոլեկտիվը բողոքում է

Գոյ թատրոնի տնօրենն ազատվել է պաշտոնից. թատրոնի կոլեկտիվը բողոքում է

Գոյ թատրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է և երեք ժամ հետո նշանակվել է նոր տնօրեն՝ Կարեն Սիմոնյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կայացրած որոշումը առաջացրել է թատրոնի կոլեկտիվի դժգոհությունը։

Նրանք նախարարության մոտ են հավաքվել և պահանջում են օրինական հիմքեր ներկայացնել՝ տնօրենին աշխատանքից ազատելու համար։

Լրագրողների հետ զրույցում դերասան Սամվել Թոփալյանն ասաց, իր կոլեկտիվի համար անակնկալ է եղել տնօրենի՝ աշխատանքից ազատելու որոշումը.

«Առավոտյան եկանք աշխատավայր, ակնկալելով, որ տնօրենը տեղում կլինի, սակայն աշխատանքային օր է, և ոչ ոք չկար, բացի մեզնից։ Սպասեինք մի քանի ժամ, եկանք նախարարություն։ Ցավալին այն է, որ տնօրենին հեռացնում են աշխատանքից առանց նախապես 15 օր առաջ տեղեկացնելու, որպեսզի տվյալ մարդը գտնի նոր աշխատանք։ Այսինքն՝ ամեն ինչ արվում է այնպես, ինչպես ուզում են, ամեն ինչ արվում է ոչ օրինական կարգով։ Ինձ անհանգստացնում է, թե ինչու է մեր երկրում կատարվում ինչ–ինչ երևույթներ, որոնք օրենքի հետ բացարձակ կապ չունեն»։

Թատրոնի աշխատակիցները նշեցին, որ Գոյ թատրոնը Սունդուկյանի անվան թատրոնին միացնելու կառավարության որոշման դեմ կա ներկայացված դատական հայց. այն պայմաններում, երբ տնօրենն է դատական հայցը ներկայացրել, կոլեկտիվի համար տարակուսելի է, թե ինչպես է շարունակվելու գործընթացը։

  • Կիսվել: