երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ցենզուրայի մասին խոսելն անհեթեթ է, «Գոյ» թատրոնը պետք է որոշի, թե ինչ են ուզում խաղալ. Անդրեասյան

Ցենզուրայի մասին խոսելն անհեթեթ է, «Գոյ» թատրոնը պետք է որոշի, թե ինչ են ուզում խաղալ. Անդրեասյան

Մենք ունենք վերակազմակերպման պարզ գործընթաց, երբ «Գոյ» թատրոնը իր սեփական խաղացանկով, իր ստեղծագործական ազատությամբ, ֆինանսավորմամբ ընդամենը գործում է Սունդուկյան թատրոնի հովանու ներքո: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Սա այն պարզ ճշմարտությունն է, որ փորձում ենք փոխանցել եւ անընդհատ հանդիպում ենք տարբեր մանիպուլյացիաների, որոնց հիմքն ու իմաստը շատ հասկանալի չէ: Որեւէ բան տեղի չի ունենում «Գոյ» թատրոնի հետ որպես ստեղծագործական միավոր: Մենք խոսում ենք երկու ՊՈԱԿ-ների միավորման մասին, որոնք գործում էին մեկ շենքում: Հիշեցնեմ, որ նույնիսկ Սունդուկյան թատրոնի կողմից էր վճարվում «Գոյ»-ի կոմունալ ծախսերը, եւ այդ իմաստով ամբողջական ինքնավար ու անկախ իրավիճակ չկար: Այս պահին ունենալու ենք մեկ միասնական ՊՈԱԿ, որի ներքո գործելու է նաեւ «Գոյ» թատրոնը որպես առանձին ստեղծագործական միավոր եւ ստանալու է հավելյալ հնարավորություններ, որովհետեւ Սունդուկյան թատրոնի բեմերը եւ տարածքները շատ ավելին են: Կարծում եմ՝ դերասանական կազմն ու ռեժիսորները կարող են նոր մտահղացումներ ունենալ, դրանք իրագործելու այդ ենթակառուցվածքի պայմաններում:

Սա պետք է բերի միայն ստեղծագործական ազատության, նախաձեռնողականության եւ նոր ծրագրերի: Զարմանում եմ, որ դրանց անցնելու փոխարեն մենք հիմա զբաղված ենք ինչ-որ խոսակցություններով, որոնք կապ չունեն իրականացվող գործընթացի հետ»,-ասաց Անդրեասյանը:

Նա հավելեց, որ խաղացանկի իմաստով ցենզուրայի մասին որեւէ տեղ խոսելն անմտություն է. «Այստեղ էլ չի կարող նման բան լինել: Այս ընթացքում հնչել են անհեթեթ մեղադրանքներ խաղացանկի հետ կապված: Իրենք են որոշում իրենց խաղացանկը եւ որոշում է հանդիսատեսը կամ գալով դիտելու այդ ներկայացումները, կամ չգալով: Եվ քանի որ ֆինանսավորման նոր մոդելով մեզ համար կարեւոր է, որ այդ ներկայացումներն ունենան հնարավորինս շատ հանդիսատես, ապա կարծում եմ՝ իրենք պետք է նայեն իրենց խաղացանկին ու հասկանան՝ որն է, որ իրենց հանդիսատես է բերում եւ որտեղ է, որ ունեն խնդիր: Դա պետք է լինի իրենց որոշումը, իրենց ստեղծագործական քաղաքականությունը: Խաղացանկի հետ կապված նախարարությունը որոշումներ չի կայացնում որեւէ թատրոնում»,-ասաց նախարարը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց եւս մեկ անգամ հանդիպել «Գոյ» թատրոնի ներկայացուցիչների հետ. «Այնպիսի իրավիճակ չլինի, որ մի կողմը մյուսին չհասկանա եւ դրա պատճառով ստեղծվի տպավորություն, որ ինչ-որ վատ բան է արվում: Այն դեպքում, որ դրական քայլ է արվում»:

Ժաննա Անդրեասյանն արձագանքեց. «Սիրով: Փոխնախարարն ընդունել է «Գոյ» թատրոնի գրեթե ողջ աշխատակազմին, կարող ենք էլի հանդիպել, մեր դռները բաց են»:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին եւ գործելու է նրա կազմում: «Գոյ» թատրոնի տնօրենը կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել, սակայն օրեր առաջ նրան ազատել են աշխատանքից եւ նշանակել նոր պաշտոնակատար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտարարել էր, որ «Գոյ» թատրոնի գոյությունը որպես առանձին ՊՈԱԿ չենք պատկերացնում, այլ պատկերացնում ենք առանձին ստեղծագործական միավոր Սունդուկյանի անվան թատրոնի կազմում:

 

  • Կիսվել: