երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Գործուղման է մեկնել առանց հրամանի». ԿԳՄՍ փոխնախարարի արձագանքը՝ Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու մասին

«Գործուղման է մեկնել առանց հրամանի». ԿԳՄՍ փոխնախարարի արձագանքը՝ Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու մասին

Ցանկացած կազմակերպությունում աշխատանքային փոխհարաբերությունները կառուցվում են Աշխատանքային օրենսգրքի հիման վրա և բոլոր այն դեպքերում, երբ աշխտանքային օրենսգրքով սահմանված կարգավորումները չեն պահպանվում, դրան համապատասխան գործողություններ են իրականացվում։ Այս մասին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց  ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը՝ անդրադառնալով  Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին պաշտոնից ազատելուն։

«Խնդիրը ոչ թե Թումանյանին ներկայացնելն է եղել, այլ գործուղման մեկնելու համար իր գործատուի կողմից հրահանգ և հրաման ունենալը։ Ցանկացած տնօրեն, որը մեկնում է արձակուրդ կամ գործուղման, նախարարի հրամանով ունենում է ադ գործունեությունը իրականացնելու իրավունքը: Անկախ նրանից, թե ինչ ֆինանսական միջոցներով ու ինչպես է գործուղումն իրականցվել՝ հստակ սահմանված է, որ պետք է ունենաս գործուղման հրաման, եթե չունես այդ հրամանը, տվյալ գործուղումը չես կարող իրականացնել»,- ասաց փոխնախարարը։

Լրագրողների հարցին՝ ինչու նախարարությունը թույլ չի տվել տնօրենին մեկնելու գործուղման, փոխնախարարը պատասխանեց․ «Քանի որ ես չեմ համակարգում տվյալ ոլորտը, դետալային չեմ տիրապետում տեղեկատվությանը, բայց անկախ նրանից, թե ինչ ֆինանսական միջոցներով և ինչպես է այդ գործուղումը տեղի ունենում, հստակ սահմանված է որ գործուղման մեկնելու համար դու պետք է ունենաս գործուղման հրաման:

Որոշակի տեղեկատվությանը ծանոթ լինելով՝ կարող եմ ասել, որ գործուղման ընթացքը բավականին երկարատև էր, միգուցե դրանով է պայմանավորված, որ նախարարությունը նպատակահարմար չի գտել»,- ասաց  ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը։

Հարցին՝ տեղեկություններ կան, որ նախարարությունն այս պաշտոնում իր յուրայինին նշանակելու միտում ունի, ինչպես սովորաբար արվում է, փոխնախարարը պատասխանեց. «Դրանք անձնական մեկնաբանություններ են, որևէ հիմք չունեն»։

  • Կիսվել: