հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գիտությունը և արվեստը փոխկապակցված են. STARMUS-ի շրջանակներում կմատուցվի երբևէ չհնչած եզակի երաժշտություն

Գիտությունը և արվեստը փոխկապակցված են. STARMUS-ի շրջանակներում կմատուցվի երբևէ չհնչած եզակի երաժշտություն

 Հայաստանում STARMUS VI փառատոնի շրջանակներում կլինեն եզակի երաժշտական ոճի համերգներ. կհնչի այնպիսի երաժշտություն, որը երբեք չի հնչել և չի կրկնվելու: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը. Ասուլիսին մասնակցում էին նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ամերիկահայ երաժիշտ, ստեղնաշարահար («Dream Theater», «Planet X» «KISS») Դերեք Շերինյանը, անգլիացի երաժիշտ (The Strawbs, Yes), կոմպոզիտոր եւ հեռուստահաղորդավար Ռիք Վեյքմանը, անգլիացի երաժիշտ, ջազ, փոփ, ռոք ոճի երաժշտության թմբկահար Սայմն Ֆիլիպսը, հայազգի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը (խմբ. Համասյանն ասուլիսին մասնակցել է առցանց):

Գարիկ Իսրաելյանը հավելեց, որ աշխարհահռչակ երաժիշտները նպաստում են գիտության հանրայնացմանը:

«Մեծ պատիվ է հյուրընկալել այստեղ երաժիշտներին, ովքեր աջակցում են գիտությանը: Համոզված ենք, որ անհրաժեշտ է աջակցություն արվեստի համայնքից, որպեսզի հանրայնացնենք գիտությունը: Մեծ քանակի երաժիշտներ են միացել են STARMUS-ին, աջակցել են փառատոնի փիլիսոփայությանը, գաղափարախոսությանը: Եվ այս թիվը գնալով աճում է»,- ասաց Իսրաելյանը:

Փառատոնի համահիմնադիրը հայտնեց, որ  STARMUS փառատոնը մեկնարկում է ցնցող համերգով, որին կմասնակցեն հայ երաժիշտներ՝ Տիգրան Համասյանը, Դերեկ Շերինյանը և անգլիացի երաժիշտ Ռիք Վեյքմանը:

Սեպտեմբերի 5-ին տեղի կունենա «Sonic Universe» համերգային ծրագիրը, որտեղ երաժշտության աշխարհահռչակ աստղերը գիտությունը կներկայացնեն երաժշտության ելևէջներով։ Այս միջոցառման շրջանակներում տեղի կունենա «Սթիվեն Հոքինգ» շքանշանի հանձնման պաշտոնական արարողությունը։

«Այդ օրը շատ հետաքրքիր համերգ է լինելու, տարբեր տեսակների երաժշտություններ համաձուլելու ենք, միացնելու ենք ամեն ինչ:

STARMUS-ի բոլոր համերգները եզակի են, չեն կրկնվում ոճի, համադրության տեսանկյունից: Եթե բաց թողնեք այս STARMUS-ը, ապա նույնը երբեք չեք տեսնի: Խոսքը ոչ միայն համերգի, այլ նաև դասախոսությունների մասին է»,- ասաց  Իսրայելյանը:

Սեպտեմբերի 7-ին նույնպես համերգ տեղի կունենա, որի ընթացքում փառատոնի համահիմնադիր, Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը կառաջնորդի այլ երաժիշտների. Մասնավորապես, համերգին կմասնակցեն Nemra ռոք խումբը, Ջիվան Գասպարյան-կրտսերը, ով դուդուկով հարգանքի տուրք կմատուցի համաշխարհային վարպետ Ջիվան Գասպարյանին:

«Հրաշալի փառատոն է սպասվում, հրաշալի ծրագիր»,- հավելեց  Գարիկ Իսրայելյանը:

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով առաջին անգամ է միացել STARMUS-ին, ասաց, որ իր համար մեծ պատիվ է փառատոնին միանալը:

  • Կիսվել: