շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գինեսի ռեկորդակիր հայ ջութակահարն ու Կամերային նվագախումբը համատեղ համերգ կտան

Գինեսի ռեկորդակիր հայ ջութակահարն ու Կամերային նվագախումբը համատեղ համերգ կտան

Գինեսի ռեկորդակիր, միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Նիկոլայ Մադոյանը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: «Տարվա եղանակներ» խորագիրը կրող համերգային երեկոն տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 17-ին, ժամը 19:30: Համերգին նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կարեն Դուրգարյանը, տեղեկացնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից: 

Կհնչեն Պագանինիի և Վիվալդիի ստեղծագործությունները: Համերգային երեկոյին կներկայացվի Վիվալդիի անմահ «Տարվա եղանակներ» ստեղծագործությունը:

Նիկոլայ Մադոյանը 1988թ. դարձել է Պ.Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Պ.Չայկովսկու ջութակի համերգը: 1991թ. դարձել է Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակարարների միջազգային մրցույթի հաղթող: 1988թ. Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը: Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ` հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլուր:
2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Նա բազմիցս հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:

  • Կիսվել: