ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում

10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում

Թալինի բնակիչ 10-ամյա Դավիթ Աբրահամյանը Գինեսի ռեկորդակիր է։ Նա 6,5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքուղու վրա 1 ոտքով անընդմեջ ցատկել է 191 անգամ։ Նա մեկ տարի առաջ պարզապես մարզվելու նպատակով սկսեց հաճախել Թալինի «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոն, որտեղ կենտրոնի տնօրեն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանն օգնեց բացահայտել նրա ընդունակությունները։

««Հայ-Էմ-Դյուցազնատուն» կենտրոնի մասին իմացել եմ իմ ընկերներից, ու շատ էի ցանկանում հաճախել։ Սկզբում եկա ուղղակի մարզվելու համար, բայց ընկեր Ռոմանը ինձ շատ ոգեշնչեց ու օգնեց, որ սահմանեմ Գինեսի ռեկորդ, ինչի համար շատ շնորհակալ եմ»,- հրավիրված ասուլիսում նշեց Գինեսի ռեկորդակիր Դավիթը։  

Դավիթը նկատեց, որ Գինեսի ռեկորդ սահմանելուց հետո ընկերների շրջանում վերաբերմունքը փոխվել է, որոշները ցանկություն են հայտնել հաճախել «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոն, փորձել հաջողություններ գրանցել։

«Շատ ոգևորիչ է այս ամենը, որովհետև քչերն են կարողանում Գինեսի ռեկորդ սահմանել։ 10 տարեկանում, իհարկե, ինձ համար շատ բարդ էր, դժվար աշխատանք էր սպասվում, բայց հաղթահարեցինք»,-ասաց Դավիթ Աբրահամյանը։   

«Հայ-Էմ» հիմնադրամի «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնի տնօրեն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը հիշեցրեց, որ այս վարժությունում ռեկորդ սահմանել էր Նարեկ Գլճյանը 7 տարեկանում։ Դավիթն այսօր գերազանցել է նրա ցուցանիշը։  

«Ինչպես տեսնում եք, առողջ մրցակցություն կա երեխաների միջև, ու դա շատ կարևոր է։ Երեխաները ձգտում են մարզվել, հաջողության հասնել, նոր նշաձող սահմանել։ Եթե Դավիթը Նարեկի ռեկորդը չգերազանցեր, ապա այսօր արդեն Նարեկը չէր ձգտի հասնել  նոր նվաճումների։ Ահա այս առողջ մրցակցության արդյունքում ունենում ենք նման արդյունքներ»,-ասաց Ռոման Սահրադյանը։

«Հայ-Էմ» հիմնադրամի նախագահ Նշան Աճեմյանը բավական ոգևորիչ համարեց նման արդյունքները։ Նրա խոսքով՝ «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնը մեծ նշանակություն ունի ինչպես Թալինի տարածաշրջանի, այնպես էլ Հայաստանի համար։

«Մարզական կենտրոնի արդյունքներն արդեն խոսուն են։ Տեսնում ենք, թե որքան է ավելացել կենտրոնում մարզվել ցանկացողների, Գինեսի սահմանված ռեկորդների թիվը։ Այս տարի նշվում է «Հայ-Էմ» հիմնադրամի գործունեության 25-ամյակը, և շատ ուրախ ենք, որ այսպիսի ներդրում ենք ունեցել, պայմաններ ենք ստեղծել ու կարողացել ենք երեխաներին ոգևորել»,-ասաց Նշան Աճեմյանը։

Մարզական կենտրոնի սաներն  ընդհանուր առմամբ սահմանել են Գինեսի երկու տասնյակից ավելի ռեկորդ, որից միայն 11-ը սահմանվել է 2025 թվականին։ Դրանցից 8-ի հավաստագրերն արդեն Հայաստանում են, մնացածը կլինեն առաջիկայում։  

Նոր ռեկորդները դեռ առջևում են։ Առաջիկա օրերին մարզական կենտրոնում կանցկացվի հանդիսավոր միջոցառում, որտեղ 14 մարզիկներ կփորձեն սահմանել Հայկական Դյուցազնագրքի 17 ռեկորդ, որից 7-ը լինելու է նաև Գինեսի համաշխարհային ռեկորդ։    

 

  • Կիսվել: