ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանն ու մարզային գրադարանը հյուրընկալեցին արցախցի երեխաներին

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանն ու մարզային գրադարանը հյուրընկալեցին արցախցի երեխաներին

Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանը եւ երկրագիտական թանգարանը  «Կենաց տուն» ՀԿ նախաձեռնությամբ  հյուրընկալեցին արցախցի երեխաներին։ 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ծնողների եւ միջոցառման նախաձեռնողների ու մասնակիցների ուղեկցությամբ երեխաները շրջեցին թանգարանում, ծանոթացան ցուցադրվող նմուշներին, որոնք ներկայացրեց թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը։ Այնուհետ գրադարանում արցախցի փոքրիկները դիտեցին Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթի տիկնիկային ներկայացումը, որը ցուցադրվեց Գավառի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի  «Նուրի -Նուրի» խմբակի  կողմից։

Փոքրիկներին անակնկալ էին պատրաստել նաեւ «Կենաց տուն» ՀԿ-ն եւ անհատ բարերարը՝ արցախցիներին նվիրելով   գիրք-նվերների փաթեթներ, որոնք  հանձնեց «Կենաց տուն» ՀԿ նախագահ, ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը։ Արցախցի փոքրիկների եւ միջոցառման մասնակից երաժիշտ կատարողների համար նվերների փաթեթներ  էր նախապատրաստել նաեւ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գավառի տարածքային  գրասենյակը։ Արցախցի երեխաների համար հեքիաթ ընթերցեց Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Արմենուհի Իսպիրյանը, երաժշտական կատարումներով հանդես եկան Գավառի երաժշտական քոլեջի սաներ Նարեկ այվազյանը, Գուրգեն Աբզոնյանը, Սեւակ Ժամհարյանը։

«Կարծում եմ, որ հյուրընկալությունը բովանդակալից ստացվեց, որից հաճելիորեն տպավորվեցին Արցախի մեր հայրենակիցները։ Այո, մեզանից յուրաքանչյուրը պետք է աշխատի հայրենի տուն ու տեղը կորցրած արցախցիների օրը լցնել մշակութային արժեքների ցուցադրմամբ, ուսուցմամբ, հետաքրքրասիրությամբ, ինչը պակաս կարեւոր աջակցություն ու օգնություն չէ նյութական աջակցության կողքին։Պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի արցախցի երեխաներն ու ծնողներն իրենց վհատված ու հուսահատ չզգան, այլ զգան իրենց հարազատ հայրենիքում, սիրված միջավայրի մեջ, յուրացնեն հայրենի անեզերք մշակույթը։Նման միջոցառումները պետք է լինեն հաճախակի ու շարունակական»,-նշեց ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը։

  • Կիսվել: