երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գեղագիտության ազգային կենտրոնն ու Կրեավիվա թանգարանը աշխատարաններ կիրականացնեն Երևանում և ՀՀ մարզերում

Գեղագիտության ազգային կենտրոնն ու Կրեավիվա թանգարանը աշխատարաններ կիրականացնեն Երևանում և ՀՀ մարզերում

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը և շվեյցարական Պաուլ Կլեե կենտրոնում գործող Կրեավիվա (Creaviva) մանկական թանգարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհի շրջանակում հուլիսի 21-ից օգոստոսի 16-ը Վանաձորում (հուլիսի 21-23), Գորիսում (հուլիսի 27-30) և Երևանում (օգոստոսի 1-16) կիրականացնեն «Աշխատարաններ՝ միջազգային փորձի փոխանակմամբ. ԳԱԿ - Կրեավիվա» ծրագիրը։

Չորս շաբաթ տևողությամբ ծրագրի շրջանակում արվեստագետ, Կրեավիվա թանգարանի աշխատակից Ֆրանց Բրուլհարթը վարպետության դասեր կանցկացնի հաշմանդամություն ունեցող և չունեցող շուրջ 600 երեխաների և պատանիների համար, ինչպես նաև փորձի փոխանակման հանդիպումներ կունենա ԳԱԿ ուսուցիչների հետ։

Ֆրանց Բրուլհարթը կաշխատի նաև Փոքր թատրոնի Ներառական պարային խմբի հետ։ Որպես նախագծի ամփոփում ԳԱԿ պատկերասրահում կբացվի ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն ծրագրի շրջանակում մասնակիցների ստեղծած աշխատանքները, ինչպես նաև կներկայացվի փերֆորմանս՝ Ներառական պարային խմբի մասնակցությամբ։ Իսկ արդեն 2023-ի գարնանը նախատեսվում է հայկական կողմի փոխադարձ այց Կրեավիվա մանկական թանգարան՝ ԳԱԿ սաների աշխատանքների ցուցադրությամբ։

Գեղագիտության ազգային կենտրոնի և Կրեավիվա մանկական թանգարանի միջև համագործակցությունը մեկնարկել է 2021 թվականի հոկտեմբերին՝ ԳԱԿ պատկերասրահում իրականացված համատեղ ծրագրով։ Կրեավիվա մանկական թանգարանն արվեստային կրթության այլընտրանքային հարթակ է։ Ստեղծման օրից այն աշխատում է իր ուրույն փիլիսոփայությամբ և կոնցեպտով։ Այստեղ ստեղծվում է արվեստ երեխաների համար, երեխաների կողմից և երեխաների հետ։ Թանգարանի տնօրեն Պիա Լեդրախն առանցքային կարևոր նմանություններ է տեսնում իրենց թանգարանի և Գեղագիտության ազգային կենտրոնի առաքելությունների ու գործունեության միջև։ Երկու կառույցներում էլ շատ է կարևորվում արվեստի մատչելիության սկզբունքը և մեծ աշխատանքներ են տարվում ներառականության ուղղությամբ։ Գեղագիտության ազգային կենտրոնը մշտապես զարգացող, ոլորտի միջազգային չափանիշներին և ժամանակակից մոտեցումներին հետևող կառույց է։ Դրա վառ վկայություններից է Կրեավիվա թանգարանի հետ համագործակցությունը, որն, առաջին հերթին, ուղղված է կենտրոնի մասնագիտական ներուժի «վերազինմանը», նոր գիտելիքների ձեռքբերմանն ու փորձի փոխանակմանը։

  • Կիսվել: