չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Գավառի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել

Գավառի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել

Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել։

Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի հանդամասում հայտնաբերված նորահայտ վիշապաքարը դասվում է հնագույն Հայատանի պատմամշակութային կարևոր հուշարձանների շարքում ու իր կերտվածքով լիովին նման է մշակութային նույն միջավայրում՝ Գեղարքունիքի մարզում տարածված ցլակերպ վիշապակոթողներին։

Այն ստեղծվել է միջին կամ ուշ բրոնզի դարաշրջանում, մեզանից մոտ 3,5-4 հազարամյակ առաջ։

Մինչ այժմ Գեղարքունիքի մարզում գտնված ցլակերպ կամ ձկնակերպ վիշապաքարերը տեղադրվել են ջրի ակունքներին մոտ, խիտ բնակեցված տարածքներում կամ դրանցից անդին ու վերահսկել են սրբազան կետերը։ Նման վիշապաքարեր տարբեր տարիների ընթացքում ու տարբեր հնագետների կողմից գտնվել են Վարդենիսի, Գեղամա, Սևանի, Արեգունու լեռնաշթաների ստորոտներում կամ բարձրադիր գոտիներում։

Վիշապաքարը տեղադրված է եղել Գեղամա լեռնաշթայի սարահարթերից մեկում, Սևանա լճից շուրջ 1,5 կիլոմետր հեռավորությամբ, հնագույն բնակատեղիի տարածքում, որի շրջակայքում առկա են մի քանի ամրոցներ, դամբարանադաշտեր, բնակավայրեր, մատուռներ ու վանքեր, մի քանի տասնյակ խաչքարեր։

  • Կիսվել: