Գանձա գյուղում տեղի է ունեցել մեծ բանաստեղծին նվիրված «Տերյանական օր» տոնակատարությունը
Հուլիսի 21-ին հայ մեծանուն գրող Վահան Տերյանի ծննդավայրում` Վրաստանի Նինոծմինդա մունիցիպալիտետի Գանձա գյուղում, տեղի է ունեցել մեծ բանաստեղծին նվիրված «Տերյանական օր» տոնակատարությունը։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
«Միջոցառմանն իր խոսքում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ողջունեց արդեն ավանդական դարձած տոնակատարության անցկացումը Վրաստանում` կարևորելով նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը հայ-վրացական հասարակական և մշակութային կապերի ամրապնդման հարցում։
Տոնակատարությանը մասնակցում էին նաև Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանում Վրաստանի կառավարության ներկայացուցչի տեղակալ Դավիթ Վարդիաշվիլին, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ՋԱՀ հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից և Վրաստանից։
Միջոցառման շրջանակներում հյուրերն այցելեցին Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահ, ներկա գտնվեցին Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցված պատարագին, որին հաջորդեց Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից և ՋԱՀ կազմակերպության աջակցությամբ կազմակերպված համերգային ծրագիրը»: