շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընտրվել է Ռուսաստանի ԳԱ արտասահմանյան անդամ

ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընտրվել է Ռուսաստանի ԳԱ արտասահմանյան անդամ

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ընդհանուր ժողովում ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ «Կենսաօրգանական քիմիա» մասնագիտության գծով:
 
ՌԳԱ-ի նոր արտասահմանյան անդամ է դարձել, ընդհանուր, 48 գիտնական ԱՄՆ-ից, Չինաստանից, Բելառուսից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Լեհաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Հայաստանից, Սինգապուրից, Մոնղոլիայից, Ավստրալիայից, Հնդկաստանից, Ադրբեջանից, Աբխազիայից, Գերմանիայից, Սերբիայից, Մեծ Բրիտանիայից, Ղրղզստանից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Շվեյցարիայից և Կանադայից:
 
Աշոտ Սաղյանն ակտիվ համագործակցում է Ռուսաստանի գիտնականների հետ: Նա ՌԳԱ Նեսմեյանովի անվան էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտի գիտաշխատողների հետ համատեղ ունի ավելի քան 50 գիտական հոդված, մասնակցել է 7 համատեղ միջազգային գիտական դրամաշնորհային ծրագրերի, համատեղ պատրաստել են մի շարք գիտական կադրեր:
 
Աշոտ Սաղյանի գիտական գործունեության բնագավառն է ոչ սպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ բիոմիմետիկ սինթեզը, մանրէաբանական սինթեզի կուլտուրալ հեղուկներից ամինաթթուների անջատումը և մաքրումը: Աշոտ Սաղյանը շուրջ 350 գիտական հոդվածի, 2 դասագրքի, 2 մենագրության հեղինակ է: Նա 18 թեկնածուական և 3 դոկտորական ատենախոսությունների գիտական ղեկավար է:
 
2001 թ. Աշոտ Սաղյանը ռուս գործընկերների հետ համատեղ արժանացել է Եվրամիության «Դեկարտի» անվան մրցանակի: 2002 թ. պարգևատրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարական «Բարեկամություն» շքանշանով: 2004 և 2011 թթ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակների, 2009 թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի: 2014 թ. ստացել է գիտության վաստակավոր գործչի կոչում: 2015 թ. արժանացել է ՀՀ պետական մրցանակի:
 
Ներկայում ՀՀ ԳԱԱ-ն և ՌԳԱ-ն ակտիվ համագործակցում են տարբեր գիտական ծրագրերի շրջանակներում: Հայ և ռուս գիտնականների պատվիրակությունները կատարել են փոխադարձ այցեր գիտահետազոտական կազմակերպություններ, ծանոթացել են առաջատար գիտնականների, իրականացվող գիտական ծրագրերի, գիտատեխնիկական բազայի հետ համատեղ հետազոտություններ իրականացնելու համար:
 
2021 թ. նոյեմբերի 5-ին ՌԳԱ-ի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևը և ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ստորագրել են Գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրի դրույթների իրականացման ճանապարհային քարտեզ:
 
Այն նախատեսում է համատեղ հետազոտությունների շարունակություն և համագործակցություն Հայաստանի և Ռուսաստանի համար արդիական և առաջնահերթ ուղղություններով՝ ներառյալ ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, նանոտեխնոլոգիաների, կենսաբանական գիտությունների և կենսատեխնոլոգիայի, քիմիայի և նյութերի մասին գիտության, պատմաբանասիրական, բժշկական, գյուղատնտեսական հետազոտությունների, էներգետիկայի, մեխանիկայի ոլորտները, ընդհանուր՝ 54 համատեղ հետազոտություններ:

  • Կիսվել: