հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա կստեղծվի հետազոտական համալսարան. քննարկում ՀՀ ԳԱԱ-ում

ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա կստեղծվի հետազոտական համալսարան. քննարկում ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի փետրվարի 14-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ քննարկում` նվիրված ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա հետազոտական համալսարանի ստեղծմանը:

ԳԱԱ-ից հայտնում են, որ քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ղեկավարությունը, ամբիոնների վարիչներ:

«Մենք ունենք մտադրություն Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա ստեղծել հետազոտական համալսարան, որը փորձենք զարգացնել և ներգրավել միջազգային ցանցերի մեջ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

ՀՀ ԳԱԱ Զարգացման ծրագրերի և մշտադիտարկման վարչության գիտական կադրերի պատրաստման ծրագրերի պատասխանատու Սամվել Կարաբեկյանը ներկայացրեց հետազոտական համալսարանի ստեղծման նպատակները և քայլերը: Ըստ նրա՝ հետազոտական համալսարանի ստեղծման հիմնական նպատակն է բնագիտական, տեխնոլոգիական, հումանիտար և հասարակագիտական ուղղություններով արդիական գիտական հետազոտություններ կատարելու ունակ, ստեղծագործական-նորարարական մտածելակերպ ունեցող բարձրակարգ մասնագետներ պատրաստելը՝ հաշվի առնելով միջազգային պահանջարկը:

Քննարկման մասնակիցները բարձրացրեցին հետազոտական համալսարանի ստեղծման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում` ներքին կարողությունների գնահատման անհրաժշտության, ֆինանսավորման, ուսանողների մոտիվացման և ներգրավման, գիտահետազոտական ինստիտուտների հետ համալսարանի  փոխգործակցության, հետազոտական համալսարանում ԲՈՒՀ-երի դասախոսների վերապատրաստման կարողությունների մասին:

Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կշարունակի հետազոտական համալսարանի մոդելի ստեղծանն ուղղված աշխատանքները՝ հաշվի առնելով հնչած կարծիքներն ու առաջարկները:

  • Կիսվել: