հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆրեդի Քեմպֆը ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

Ֆրեդի Քեմպֆը ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց «Բեթհովեն-Ռախմանինով» խորագրով համերգային ծրագիրը։

Նվագախմբի հետ ելույթ ունեցավ նվագախմբի ռեզիդենտ արտիստ, անվանի դաշնակահար Ֆրեդի Քեմպֆը։ Համերգային ծրագրում հնչեցին Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և  Սերգեյ Ռախմանինովի Թիվ 2 սիմֆոնիան։ 

Ֆրեդի Քեմպֆն իր ստեղծագործական կյանքում ելույթներ է ունեցել աշխարհի լավագույն դահլիճներում, հանդես է եկել աշխարհի լավագույն նվագախմբերի հետ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ բազմիցս ելույթներ է ունեցել։ Խոսելով համագործակցության մասին՝ Քեմպֆն ասում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները երաժշտությունը մատուցում են պրոֆեսիոնալ մակարդակով. «Ինձ համար միշտ հաճելի է աշխատել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի երաժիշտների հետ։ Նրանք շատ էներգիա ունեն, ձգտում են լինել ավելի լավը, ինչը գնահատում եմ, ուստի հաճույքով համագործակցում եմ նվագախմբի հետ»։

Դաշանակահարը նկատում է, որ էմոցիոնալ մեծ կապ է զգում Բեթհովենի ու նրա արվեստի հետ. «Բնական է իմ կապը, և Բեթհովեն նվագելիս շատ չեմ մտածում։ Կարելի է ասել՝ դա ինձ համար հարազատ երաժշտություն է. հայրս գերմանացի է, և Գերմանիայի մշակույթն ամուր է իմ սրտում»:

  • Կիսվել: