«ՖՈՆՏԱՆԻԱ»․ նոր ներկայացում՝ ջրի, լույսի և կրկեսային արվեստի համադրությամբ
Հոկտեմբերի 24-ին Tashir Arena-ում տեղի ունենեցավ «ՖՈՆՏԱՆԻԱ» ջրային կրկեսային շոուի պրեմիերան։ Ներկայացման հիմքում ընտանիքի, հիշողությունների և սերունդներին միավորող արժեքների մասին պատմությունն է։
«Մենք ցանկանում էինք զարմացնել հանդիսատեսին և նրանց տեղափոխել ջրային տարերքի աշխարհ՝ այս ամենը ներկայացնելով Tashir Arena-ում։ Շուրջ 45 տոննա լրացուցիչ սարքավորումներ, 85 000 լիտր տարողությամբ լողավազան, լազերային և լուսային շոու, տպավորիչ հատուկ էֆեկտներ։ Վստահ եմ՝ հանդիսատեսը զարմանք է ապրել»,- նշեց Tashir Arena-ի նախագծի հիմնադիր Տաթևիկ Կարապետյանը։

Շոուի իրադարձությունները ծավալվում են հայկական Ֆոնտանիա գյուղում, որտեղ տատիկին ու պապիկին այցելում են իրենց սիրելի թոռնիկները։ Մի օր ծաղրածու պապիկը, որն իր ամբողջ կյանքը նվիրել է կրկեսին, թոռնիկների հետ բացում է գաղտնիքներով ու հիշողություններով լի իր հին ճամպրուկը։ Անցյալի և ներկայի միջև սահմանն անհետանում է։ Երեխաների աչքի առաջ՝ Ֆոնտանիայի հրապարակում, կենդանանում է կրկեսային արվեստի և իրական զգացմունքների զարմանահրաշ աշխարհը։

«Շոուն համատեղում է ժամանակակից հարթակի բացառիկ հնարավորությունները, տպավորիչ տեխնոլոգիաներն ու գրավիչ տեսարանը՝ ստեղծելով մի իրադարձություն, որն արժե տեսնել սեփական աչքերով։ Մենք մեծ ջանք, էներգիա և ստեղծագործական միտք ենք ներդրել, որպեսզի շոուի յուրաքանչյուր տարր նպաստի ընդհանուր տպավորությանը, իսկ յուրաքանչյուր հանդիսատես զգա իսկական տոնական մթնոլորտը։ Մեզ համար կարևոր է հանդիսատեսին պարգևել վառ հույզեր և հիշողություններ, որոնց նա կցանկանա վերադառնալ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք բոլորիդ մեր շոուին․ եկե՛ք մեզ հետ կիսելու այս անմոռանալի տպավորությունները», — նշեց Tashir Arena-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանը։

Շոուի ռեժիսոր Վյաչեսլավ Կոլցովի խոսքով «ՖՈՆՏԱՆԻԱ»-ն առաջին հերթին այն հույզերն են, որոնք երկար ժամանակ մնում են հանդիսատեսի հետ․ «Մենք ցանկանում էինք, որ յուրաքանչյուր հյուր ոչ միայն դիտարկի շոուն, այլև ընկղմվի յուրահատուկ մթնոլորտում, զգա տեղի ունեցողի էներգիան և իր հետ տանի վառ տպավորություններ։ «ՖՈՆՏԱՆԻԱ»-ն հնարավորություն կտա մեծահասակներին երկու ժամով մոռանալ իրենց խնդիրների մասին, սուզվել մանկության հիշողությունների մեջ և կրկին զգալ այն երջանկությունը, որը պարգևում են իրենց երեխաները»,- նշեց ռեժիսորը։
Ներկայացմանը մասնակցում էին նաև Սոս Պետրոսյանի անվան կրկեսային դպրոց-ստուդիայի և Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի սաները։ Ծաղրածուի դերում հանդես էր գալիս Գրիգոր Գրիգորյանը (Գոշա)։

Ներկայացումից հետո հանդիսականների հիացական խոսքերը վկայում էին՝ շոուն ստացված էր՝ կախարդանքը ավելի քան իրական․ «Ուղղակի հրաշք շոու էր, վայելել ենք ամեն վայրկյանը։ Ես ու դուստրս գրեթե երկուսուկես ժամ կտրվել ենք ամեն ինչից՝ ոչ ժամանակ, ոչ տարիք, ոչ եղանակ։ Ֆանտաստիկ էր։ Վաղուղ Հայաստանում նման մակարդակի շոու չէի տեսել»,- ջրային կրկեսային շոուի պրեմիերայից հետո իր եւ իր դստեր տպավորություններով կիսվեց հանդիսականներից մեկը։
Շոուն նախատեսված է բոլոր տարիքային խմբերի հանդիսատեսի համար (0+) և անպայման կդառնա ընտանեկան ժամանցի յուրահատուկ փորձառություն։


