հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկեց «Ֆրեսկո» փառատոնի երևանյան ծրագիրը (լուսանկարներ)

Ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկեց «Ֆրեսկո» փառատոնի երևանյան ծրագիրը (լուսանկարներ)

Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում , օգոստոսի 24-ին մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի երևանյան ծրագիրը։

Ծրագրով նախատեսված բացօթյա կինոդիտումները կլինեն ամեն օր՝ ժամը 19:00-23:00, մինչև սեպտեմբերի 1-ը: Կազմակերպիչների խոսքով՝ չնայած ֆիլմերի դիտումով հետաքրքրվածների քանակը շատ է, բայց համավարակով պայմանավորված տարածքում նախատեսվում է 40 հոգու համար նստարան։

«Հաշվի առնելով, որ պարետի նոր որոշմամբ մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները կարող են անցկացվել բացառապես բացօթյա տարածքներում՝ որոշեցինք այս տարի ևս անցկացնել փառատոնը։ Այս տարի 85 երկրից ներկայացված 3000-ից ավել հայտից ընտրվել է 63 ֆիլմ 23 երկրից։ Միջոցառումներից որոշները անցկացվում են օնլայն հարթակում, իսկ առաջիկա օրերին կլինեն բազմաթիվ ֆիլմերի բացօթյա դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ», - նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը։

Նշենք, որ կինոդիտումներից առաջ ներկաները ջերմաչափվում են, կրում դիմակ և պահպանում սոցիալական հեռավորություն։ Հիշեցնենք, որ Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ:

  • Կիսվել: