ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ֆաջր» թատերական փառատոնում «Լոռեցի Սաքոն» ներկայացումն արժանացել է բարձր գնահատանքի

«Ֆաջր» թատերական փառատոնում «Լոռեցի Սաքոն» ներկայացումն արժանացել է բարձր գնահատանքի

Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը փետրվարի 6-11-ը Թեհրանում մասնակցել է «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնին:

«Համազգային» թատրոնը փառատոնին ներկայացել է Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ստեղծագործության հիման վրա ստեղծված ներկայացմամբ:

Թատրոնի դերասաններն այս ներկայացմամբ «Նազերզադեհ» սրահում անցկացված փառատոնին հանդես են եկել 2 անգամ։ «Լոռեցի Սաքոն» ներկայացվել է նաև տեղի հայ համայնքին՝ Իսպահանի և Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության սրահներում՝ արժանանալով թե՛ իրանցի, թե՛ հայ հանդիսատեսի բարձր գնահատանքին։ Միջոցառումներին ներկա էին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը, դեսպանատան աշխատակիցներ։

Ռեժիսոր, դերասան Նարինե Գրիգորյանի խոսքով՝ հյուրախաղային օրերը եղել են շատ հագեցած։

«Հինգ օրվա ընթացքում թատրոնի դերասանները հանդես են եկել 4 ներկայացմամբ: Փառատոնի շրջանակում դիտել ենք նաև մի շարք ներկայացումներ։ «Ֆաջր» փառատոնին մասնակցում ենք արդեն երկրորդ անգամ, սակայն այս անգամ, համաճարակով պայմանավորված, փառատոնի ծրագիրը համեմատաբար ավելի փոքր էր։ Հյուրախաղերի օրերին հանդիպել ենք «Ֆաջր» փառատոնի տնօրենի հետ, ով բավականին տպավորված էր մեր ներկայացմամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը ցանկություն են հայտնել առավել ընդլայնելու մշակութային համագործակցությունը, և այդ համատեքստում մենք իրանցի գործընկերներին տեղեկացրել ենք այն ծրագրերի մասին, որոնք նախանշել ենք իրականացնելու երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում»,- նշել է Նարինե Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Իրանում Հայաստանի դեսպանատանը, հայ համայնքին, և իրանցի գործընկերներին՝ փառատոնին մասնակցելու գործում ցուցաբերած աջակցության համար:

  • Կիսվել: