երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Եվրոպական ժառանգության օրերը»՝ օգոստոսի 26-ին և 27-ին

«Եվրոպական ժառանգության օրերը»՝ օգոստոսի 26-ին և 27-ին

«Եվրոպական ժառանգության օրերն» այս տարի Հայաստանում կանցկացվեն օգոստոսի 26-ին և 27-ին՝ «Կենսունակ ժառանգություն» խորագրով: Ծրագիրը նվիրվում է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։

Երկու օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի ներքո կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Տեղի կունենան դասական և հայկական ժողովրդական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, վարպետաց դասեր և այլն:

Զվարթնոցի տաճարի տարածքում ծրագրի փակումը կներկայացնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Օգոստոսի 27-ին՝ ժամը 17:30-19։30-ը, կանցկացվի «Արի խաղանք ավանդական խաղեր» խորագրով մասնակցային խաղ-փառատոնը, ժամը 20։00-ին՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնի թատերական ներկայացումը՝ «ԽԱՂ»։ Մուտքն ազատ է։

Նշենք՝ «Եվրոպական ժառանգության օրերը» յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո:

«Եվրոպական ժառանգու­թյան օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին: 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռ­նու­թյունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70.000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը:

  • Կիսվել: