ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Երկրի արևը». Նահատակված հերոսների հիշատակին նվիրված նոր գիրք է հրատարակվել

«Երկրի արևը». Նահատակված հերոսների հիշատակին նվիրված նոր գիրք է հրատարակվել

Նախօրեին ԱՀ Ճարտար քաղաքի Մարզամշակութային պալատում տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի ուսանողուհի Արևիկ Սայիյանի՝ «Երկրի արևը» խորագիրը կրող գրքի շնորհանդեսը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը մեկնարկել է հերոսների հիշատակին ծաղիկների խոնարհումով և Տերունական աղոթքով։

Բնութագրությունը հասանալի չէ

Գիրքը հեղինակի նվիրական զգացումների ամբողջությունն է՝ ծնված ցավից, կորստից և սպասումից: Բանաստեղծություն-խոստովանությունների հասցեատերերը նահատակ տղաներն են: Ամեն տող սպասումի հույս է: «Գրքիս առանցքային հերոսը մոր մինուճար որդի Արմանն է։ Նրա կերպարում ամբողջացրել եմ մեր բոլոր նահատակներին, որովհետև յուրաքանչյուրն էլ մի տան ճրագ էր, մի տան հույս և ապագա»,- մեզ հետ զրույցում ասել է Ա. Սայիյանը։ Գրքի խմբագիր Տաթևիկ Սողոմոնյանի խոսքով՝ գիրքը չավարտվող երկխոսություն է երկնքի ու երկրի միջև:

Բնութագրությունը հասանալի չէ

«Արևիկ Սայիյանի փոթորկված հոգու անկեղծ ապրումներն ինձ ստիպեցին գրիչ վերցնել և ձևավորել նրա՝ դրախտ ուղարկվելիք խոսքերը: Հերոս տղաները, որ երեկ երկրի Արևներն էին, այսօր երկնքի Աստղեր են դարձել, որոնց համար հեղինակը փորձել է տունդարձի ճանապարհ գծել՝ հավատալով վերադարձին: Մեր բոլոր մաղթանքներն այսուհետ այդ ճանապարհի խնկարկումներն են»,- նշել է Տ. Սողոմոնյանը: Միջոցառմանը ներկա էին նահատակված հերոսների հարազատները, համագյուղացիներ, ուսանողներ:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: