կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Երևանը երգում է Ֆորշի համար». արտիստի 55-ամյակը նշվել է նրան նվիրված համերգով

«Երևանը երգում է Ֆորշի համար». արտիստի 55-ամյակը նշվել է նրան նվիրված համերգով

Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի 55-ամյակի առթիվ հոկտեմբերի 10-ին «Դվին» համերգասրահում տեղի է ունեցել «Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն:

Համերգին Ֆորշին նվիրված կատարումներով հանդես են եկել Thea Orchestra-ն, Գոռ Սուջյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Շուշան Պետրոսյանը, Վահագն Հայրապետյանը, Արսեն Սաֆարյանը, Արամ MP3-ը, Սամսոն Մելիքյանը, Զարուհի Բաբայանը, Սրբուկը, Աղվան Պապոյանը, Արփին, Արտակ Ներսիսյանը, Լուկաս Մադոյանը, Հայկ Պետրոսյանը, Լևոն Մալխասյանը, Ռադիկ Գաբրիելյանը և Խամաճիկների պետական թատրոնի արտիստները։

Հաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանը, որը հյուրերից էր, իրեն այն երջանիկներից է համարում, որը երաժշտական դպրոցում նույն դասարանում է սովորել Ֆորշի, Գրիշա Աղախանյանի, Արամոյի հետ: «Լավ հիշում եմ այն շրջանը, երբ Վահանը դարձավ Ֆորշլագ հետո՝ Ֆորշ: Ֆորշն ինձ համար սիրելի, հարազատ անձնավորություն է: Նրա յուրաքանչյուր երգ մեր սրտից է բխում և դիպչում է սրտին: Մենք սիրում ենք մեր քաղաքը, միմյանց նաև Ֆորշի երգերով»,-նշել է Արամյանն ու հավելել՝ Ֆորշը անհրաժեշտ է Երևանին և պետք է միշտ Երևանում լինի:

Հաղորդավար Արման Մարգարյանը ոչ միայն Ֆորշի երիտասարդ երկրպագուն է, այլև ընկերը: «Երբ փոքր երեխա էի, Ֆորշի երգերը ձայներիզներով էի լսում: Երբեք չէի հավատա՝ կգա մի օր, և մենք կընկերանանք: Երջանիկ եմ, որ նա մեր ավագ ընկերն է, Երևանի Ֆորշն է, որին պետք է փայփայել ու լսել նրա երգերը»,-ասել է Մարգարյանը:

Երգչուհի Նառան Ֆորշին Երևանի վառ գույներից է համարում: Կարծում է՝ Ֆորշը Երևան քաղաքի կարևոր մասն է: «Ցանկանում եմ, որ Ֆորշը լինի առողջ և երկար ստեղծագործական ճանապարհ անցնի»,-ընդգծել է Նառան:

Համերգը կազմակերպել են Երևանի ավագանու անդամներ Արմեն Սարգսյանը և Նուարդ Վարդանյանը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի աջակցությամբ։

Երեկոյին ներկայացվել է Ֆորշի 55-ամյակին նվիրված տեսաֆիլմ, ինչպես նաև բազում այլ անակնկալներ։ Ֆորշը և «Ռե Մինոր» խումբը ևս հանդես են եկել կատարումներով։

  • Կիսվել: