ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանում ժամանակավորապես հանգրվանած Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի երեխաները կարող են ուսանել Մխթար Սեբաստացի կրթահամալիրում

Երևանում ժամանակավորապես հանգրվանած Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի երեխաները կարող են ուսանել Մխթար Սեբաստացի կրթահամալիրում

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ դիմելով  ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ժամանակավորապես Երևանում բնակվող Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի երեխաներին․

«Կրթահամալիր ենք հրավիրում Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի այն երեխաներին, որ ստիպված են ժամանակավորապես Երևանում հանգրվանել՝ հարազատի ընտանիքում, թե ժամանակավոր կացարանում։ Ցանկացողները կարող են միանալ իրենց սեբաստացի հասակակիցներին՝ ձևավորելու իրար հետ դժվարին իրավիճակը հաղթահարելու մշակույթ, որպես կրթական արտակարգ փոխանակում, Բլեյանի բաց դպրոցում անցկացնելու իրարից սովորելու, իրար հմտություններ, կարողություններ փոխանցելու ուսումնական օրեր։

Հարգելի սեբաստացիներ, վստահորեն դպրոց, պարտեզ բերեք ձեր հարազատներին, հրավիրեք կրթահամալիրի անունից։ Նրանք կարող են օգտվել տրանսպորտի, երկարացված օրվա ծառայությունից նույնպես։ Ձևավորվող ընկերությունը հետո, երբ փոթորիկը խաղաղվի, ծիլեր կտա իրենց բնակավայրում, դպրոցներում. և էլի միասին կլինենք»։

  • Կիսվել: