երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում տեղի է ունեցել «Ուրարտու․ Մոռացված թագավորություն» պատմական ֆիլմի պրեմիերան

Երևանում տեղի է ունեցել «Ուրարտու․ Մոռացված թագավորություն» պատմական ֆիլմի պրեմիերան

Այսօր «Մոսկվա»  կինոթատրոնում տեղի ունեցավ   «Ուրարտու. Մոռացված թագավորություն» պատմական դոկումենտալ դրամա ժանրում նկարահանված առաջին լիամետրաժ ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմի ռեժիսորն է Վագա Վարդանյանը, հայ արքաների կերպարները կերտել են  դերասաններ Միքայել Պողոսյանը, Արտաշես Շահվերդյանը, Արման Նավասարդյանը, Արսեն Օհանջանյանը, Ռուբեն Մուրադյանը, Վահագն Մարտիրոսյանը և այլք։

 

 

«Ուրարտու. մոռացված թագավորություն»-ը  վավերագրական դրամայի ձևաչափով առաջին ֆիլմն է՝ նվիրված Հայաստանի հնագույն պատմությանը։

Ֆիլմը նկարահանվել է  «HAYASA»  և «PARA TV» ստուդիաների կողմից:

 

 

«Ուրարտու. Մոռացված թագավորություն» ֆիլմի առաջին մասը ցուցադրվել է նաև իսպանական RTVE  հեռուստաալիքի եթերում։

Պատմական արժեք ունեցող ֆիլմը նկարահանվել է Հայաստանում՝ Արարատյան դաշտում և ուրարտական քաղաքների տարածքներում: Ֆիլմի ստեղծման աշխատանքներին ներգրավված են եղել նաև պատմաբաններ, հնագետներ: Նրանց շարքում են ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Միխայիլ Պիոտրովսկին՝ Էրմիտաժից, Իրվինգ Ֆինկելը՝ Բրիտանական թանգարանից:

Փաստավավերագրական ֆիլմում հայտնի պատմաբանները և գիտնականները ներկայացնում են կարևոր և հիշատակման արժանի փաստեր, որոնք ևս մեկ անգամ ամրագրում են հայկական պետության և պետականության թողած դարավոր մշակութային ու պատմական արժեքի մասին։

Ֆիլմի միջոցով ևս մեկ անգամ հաստատվում է հայկական միասնության և ուժի գաղափարը, որով պետք է առաջնորդվեն ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդները։

  • Կիսվել: