չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Երևանում կանցկացվի Ֆլամենկոյի միջազգային Gravity փառատոնը

Երևանում կանցկացվի Ֆլամենկոյի միջազգային Gravity փառատոնը

Մայիսի 8-14-ը Երևանում կանցկացվի Ֆլամենկոյի միջազգային Gravity փառատոնը (International Flamenco Festival)։ Փառատոնի շրջանակում կանցկացվեն համերգներ, կցուցադրվի ներկայացում, ինչպես նաև արտերկրից Հայաստան ժամանած արտիստները կանցկացնեն վարպետության դասեր։

 

Փառատոնի շրջանակում Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մայիսի 8-ին, ժամը 19:00 կկայանա «Ձգողականություն» խորագրով համերգային երեկո, որին ելույթ կունենան պարողներ Ֆաննի Արան (ԱՄՆ-Ֆրանսիա-Իսպանիա), Քրիստիան Պերեսը (Իսպանիա), Օլգա Պշենիցինան (Ռուսաստան), Օքսանա Սերիկը (Ռուսաստան), Ջուլիա Պլամսը (Ռուսաստան), կիթառահար Խոսե Ռոմերո Դիասը (Իսպանիա), վոկալ ֆլամենկո Մելքիոր Կամպոսը (Ֆրանսիա), «Զարթոնք» պարային համույթը, Մանուչարյան տրիոն, Արսեն Պետրոսյան քառյակը։

Այնուհետև մայիսի 9-ին, ժամը 19:00 Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում կներկայացվի «Հոգի» ֆլամենկո ներկայացումը։

«Հոգին բոլոր կենդանի էակների էությունն է: Հոգու լեզուն համընդհանուր է և հասկանալի բոլորին և ամենուր: Պետք չէ իսպաներեն իմանալ, որպեսզի կարեկցես այն էմոցիաներին, որոնք ֆլամենկոյի երգիչն է ներդնում իր պատմություններում: Պարտադիր չէ լինել դասական երաժշտության գիտակ՝ Վիվալդիի փայլուն ստեղծագործությունների միջով թռչելու զգացումն ապրելու համար։ Դուք կարող եք գտնել ձեր հոգու համար թանկ մի բան այնտեղ, որտեղ երբեք չէիք ակնկալում»,-նշված է ներկայացման նկարագրում։

Ներկայացման շրջանակում թատրոնի բեմում Ռուսաստանի, Հայաստանի և Իսպանիայի արտիստները կստեղծեն մեկ կտավ, որը բաղկացած է տարբեր դարաշրջանների և ոճերի երաժշտությունից, ֆլամենկո պարերից և տեսահոլովակներից։ Մասնակցությամբ՝ Հայաստանի Կամերատա նվագախմբի, կոնցերտմայստեր՝ Աստղիկ Վարդանյան, վոկալ ֆլամենկո՝ Մելքիոր Կամպոսի (Ֆրանսիա), Ֆլամենկո պարային թատրոնի (գեղարվեստական ղեկավար՝ Եկատերինա Ցվետկովա)։ Խորեոգրաֆիա՝ Եկատերինա Ցվետկովա, Խավիեր Լատորե։ Երաժշտությունը՝ Անտոնիո Վիվալդի, Աստոր Պիացոլլա, իսպանական ժողովրդական երաժշտություն։

«Միջազգային համագործակցության և փոխադարձ համակրանքի վրա հիմնված ամուր կապերի ստեղծումը, որը ծնվում է տարբեր երկրների մասնակիցների միջև, փառատոնի հիմնական նպատակներից է։ Ֆլամենկոյի արվեստը վաղուց դարձել է միջազգային: Gravity փառատոնին հրավիրելով տարբեր երկրների արտիստների՝ մենք ցանկանում ենք աջակցել միասնության և համերաշխության նախաձեռնությանը։ Եվ որպես մեկնարկային հարթակ ընտրելով հյուրընկալ Հայաստանի մայրաքաղաք Երևանը, ևս մեկ անգամ ցանկանում ենք ցույց տալ, թե որքան անսահման է այս արվեստը»,-նշում են միջոցառման կազմակերպիչները։

 

  • Կիսվել: