երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում կանցկացվի «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողով

Երևանում կանցկացվի «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողով

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 12-14-ը   տեղի կունենա «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողով։  Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Գիտաժողովը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ,  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համաֆինանսավորմամբ։ Նպատակն է ներկայացնել խաչատրյանագիտության արդի վիճակը, քննության առնել հայ ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական ու երաժշտական-հասարակական գործունեությունը, արժևորել նրա թողած ժառանգությունը:

Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն 8 երկրների (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Լատվիա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Լիբանան) միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ:

Գիտաժողովի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ճեմասրահում կկազմակերպվի խաչատրյանագիտության ձեռքբերումները ներկայացնող ցուցադրություն, իսկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ «Հավերժ երախտապարտ Արամից» ցուցահանդեսը,  որի ընթացքում կներկայացվեն Ել. Ֆ. Գնեսինայի թանգարան-բնակարանում (Մոսկվա) պահվող նյութերը:

  • Կիսվել: