շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի օպերային թատրոնի «Դիմակահանդես» բալետը կներկայացվի Փարիզում

Երևանի օպերային թատրոնի «Դիմակահանդես» բալետը կներկայացվի Փարիզում

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 26-27-ին Փարիզի կոնգրեսների պալատի մեծ համերգասրահում (Palais des Congrès de Paris) հոկտեմբերի 29-ին Ստրասբուրգի Զենիթ Եվրոպա (Zénith Europe) համալիրում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը։

Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Բացառիկ այս համերգը կկայանա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության բարեկամների միության և «Franceconcert» ընկերության հետ համագործակցաբար», - ասվում է հաղորդագրության տեքստում:

Ներկայացման բեմադրությունն իրականացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, բեմանկարիչն է ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը, բեմադրող դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը:

Համերգի հասույթը կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող ծրագրերին։

  • Կիսվել: