շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Երևանի միջազգային թատերական փառատոնը կդառնա մեր մշակութային կյանքի անբաժանելի մասը». Ժաննա Անդրեասյան

«Երևանի միջազգային թատերական փառատոնը կդառնա մեր մշակութային կյանքի անբաժանելի մասը». Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 18-ը կանցկացվի Երևանյան միջազգային թատերական առաջին փառատոնը։ Փառատոնի կազմակերպիչն է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Փառատոնի մեկնարկից առաջ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն:

Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է փառատոնի մեկնարկի առիթով և շնորհակալություն հայտնել թատրոնի անձնակազմին՝ նախաձեռնության իրականացման համար:

«Շատ կարևոր է արվեստի բոլոր ոլորտներում պահել որակական բարձր նշաձողը և զարգացնել այն: Միջազգային համագործակցությունն այն ուղին է, որով հասնելու ենք այդ նշաձողին: Երևանի միջազգային թատերական փառատոնը կդառնա մեր մշակութային կյանքի անբաժանելի մասը, և հուսով եմ, որ յուրաքանչյուր տարի կգրանցենք փառատոնի նոր հաջողությունները»,- ասել է նախարարը՝ ընդգծելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ՝ արդեն ավանդույթ դարձած համագործակցության կարևորությունը, ինչպես նաև մարզային թատրոնների մասնակցությունը:

Նախարարն անդրադարձել է նաև ներկայում պետության առջև ծառացած մարտահրավերներին մշակույթով դիմակայելու անհրաժեշտությանը.

«Պետության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու առումով մշակույթը ամենակարևոր բաղադրիչներից է: Այս օրերին ավելի են կարևորվում մեր առնչությունները մշակույթին, քանի որ հենց մշակույթն է դժվար խոսակցություններ բացելու և դրանով նաև ինքներս մեզ հետ խոսելու ճանապարհը: Փառատոնի առաջին ներկայացումը խորհրդանշական է. այն նախատեսված է մեր արցախցի հայրենակիցների համար: Սա մշակութային աջակցություն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար՝ հաղթահարելու հոգեբանական ծանր ապրումները, որ ունեցել են այս ընթացքում»:

Փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հիմնական ծրագրին ի հավելումն ավելացրել է «Մոխրոտը» ներկայացումը՝ հատուկ ԼՂ-ից բռնի տեղահանված մանուկների համար։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն բարձր է գնահատել թատրոնի հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ ապագայում համատեղ նոր ծրագրեր և գաղափարներ կիրագործվեն: Ըստ Նարժոլեի՝ այս համագործակցությունը հայ-ֆրանսիական բարեկամական կապերն ամրապնդելու և զարգացնելու ևս մեկ առիթ է:

Փառատոնին Օդեոն թատրոնի մասնակցությանն աջակցել են Ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և «Ակբա բանկը»։ «Արմենիա վայն» ընկերությունը, որ փառատոնի աջակիցներից է, ստեղծել է փառատոնի անունը կրող հատուկ գինի։

Փառատոնի ծրագիրը կցվում է:

  • Կիսվել: