երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվեց «ազգային» կարգավիճակ

Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվեց «ազգային» կարգավիճակ

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում որոշեց «Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շնորհել «ազգային» կարգավիճակ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Թատրոնը իր հանդիսատեսին ներկայանում է տիկնիկային արվեստի բոլոր ժանրերով՝ ձեռնոցային, խամաճիկային, ձողիկավոր, պլանշետային, տանտամարեսկոներ, մամոլենգեներ, մանեկեններ, ստվերային տիկնիկներ։

Այսօր թատրոնի ակտիվ խաղացանկում կա ավելի քան 40 ներկայացում ինչպես մանուկների, այնպես էլ մեծահասակների համար՝ ապահովելով ժանրային բազմա-զանությունը:

Թատրոնը մշտապես ակտիվորեն մասնակցել է մոտ 100 միջազգային փառատոնների, մասնավորապես՝ ԱՄՆ, Կանադա, Կոստա Ռիկա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան, Չեխիա, Սերբիա, Հունգարիա, Լիտվա, Ռումինիա, Բելոռուս, Մոլդովա, Վրաստան, Ղազախստան, ԱՄԷ, Լիբանան, Եգիպտոս, Սիրիա, Թունիս, Իրան, Հնդկաստան, Թաիլանդ, Բահրեյն՝ արժանանալով տարբեր մրցանակների ու դիպլոմների, այդ թվում` ամենահեղինակավոր փառատոններում («Չեխովյան», «Ոսկե դիմակ» և այլք):

Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականին: Իր գործունեության ընթացքում թատրոնում բեմադրվել է ավելի քան 435 ներկայացում, որին ներկա են գտնվել ավելի քան 5.000.000 հանդիսատես։ Թատրոնը երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը՝ անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Թատրոնի գործունեությունը և հարուստ փորձը հիմք են հանդիսացել մարզերում տիկնիկային թատերախմբերի ձևավորման համար, որոնց մշտապես ցուցաբերվում է մասնագիտական աջակցություն Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի կողմից: Թատրոնի ստեղծագործական կազմը իրականացնում է մասնագիտական վերապատրաստում, աջակցում համայնքային տիկնիկային թատերախմբերի խաղացանկի ձևավորմանը:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում թատրոնը էապես բարձրացրել է տիկնիկային արվեստի որակը, հայ տիկնիկային արվեստի ներկայացվածությունը միջազգային հարթակներում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերել համայնքային թատրոններին, էապես նպաստել է տիկնիկավարների դպրոցի կայացմանը: Միևնույն ժամանակ, թատրոնը իր իրականացված գործունեությամբ խթանում է ՀՀ-ում տիկնիկագործության զարգացումը և տիկնիկային արվեստի ժամանակակից ունորարական մեթոդների ներդնումը: Այս ամենին զուգահեռ, ի հավելումն իր կանոնադրական նպատակներից բխող գործունեությանը, թատրոնը առաջիններից էր, որ լիարժեք հնարավորություններ է ընձեռեց երիտասարդ մասնագետների ինքնադրսևորմանն ու կատարելագործմանը, փորձարարական-նորարարական պրոցեսների ձևավորմանը:

  • Կիսվել: