երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն ունի բոլոր նախադրյալները՝ լինելու մեր երաժշտական սերուցքի հարթակը. քաղաքապետ Տիգրան Ավինյան

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն ունի բոլոր նախադրյալները՝ լինելու մեր երաժշտական սերուցքի հարթակը. քաղաքապետ Տիգրան Ավինյան

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա նոր նախաձեռնություններով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Պատանի երաժիշտների, նրանց ծնողների ու երևանյան մշակութային օջախների աշխատակիցների հետ հանդիպել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Պատասխանատու այս նախագիծը միավորել է համայնքային ենթակայության 24 երաժշտական և արվեստի դպրոցների ավելի քան 82 աշակերտների ու կրթական այլ հաստատությունների շուրջ 20 ուսանողների:

Նախապատրաստական աշխատանքներ ու գրեթե ամենօրյա փորձեր. նվագախմբի համար պատասխանատու նշաձող է սահմանված: Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ պատանի երաժիշտները կկատարեն Շուբերտի «Անավարտ» և Հայդնի 100-րդ սիմֆոնիաները: Երկացանկում նախատեսված է նաև համաշխարհային դասական երաժշտարվեստի բարդագույն տեղծագործություններից մեկը՝ Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան: Արդեն բանակցություններ են տարվում աշխարհահռչակ ջութակահարներ Ագուստին Հադելիխի և Սերգեյ Խաչատրյանի հետ:

Նվագախմբի գործունեությունը խթանելու նպատակով նախագծում ընդգրկված աշակերտներն, ի դեպ կազատվեն դպրոցների ուսման վարձավճարներից, մանկավարժներին էլ արտաժամյա պարապմունքներ իրականացնելու համար միջոցներ կհատկացվեն: Նախագծի շրջանակում պատանի երաժիշտների համար ձեռք կբերվեն նաև երաժշտական գործիքներ, ինչն իր հերթին կթեթևացնի մասնակիցների սոցիալական բեռը:

  • Կիսվել: