կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Էրբիլում անցկացվել է ՀՀ-ում բնակվող քուրդ, եզդի, ասորի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ արխիվային փաստաթղթերի ցուցահանդես

Էրբիլում անցկացվել է ՀՀ-ում բնակվող քուրդ, եզդի, ասորի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ արխիվային փաստաթղթերի ցուցահանդես

Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացման երկրորդ տարեդարձի կապակցությամբ գլխավոր հյուպատոսությունը փետրվարի 26-ին, Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության հետ համատեղ, մշակույթի նախարարության գլխավոր սրահում կազմակերպել էր ՀՀ-ում բնակվող քուրդ, եզդի և ասորի ազգային փոքրամասնությունների մասին շուրջ 70 պատմական լուսանկարների և արխիվային փաստաթղթերի ցուցահանդես, որի պաշտոնական բացումին նախորդել է հայատառ քրդական ձեռագրերի, հայատառ քրդերեն տպագիր գրքերի մասին Մատենադարանի գիտաշխատող Գոռ Երանյանի ելույթ-պրեզենտացիան:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, պատմական լուսանկարները և արխիվային փաստաթղթերը տրամադրվել էին ՀՀ Ազգային արխիվի, Մատենադարանի, Պատմության թանգարանի, Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանի ու Արմենպրեսի կողմից:

11.jpg (190 KB)

 

Միջոցառմանը ներկա էին Իրաքյան Քուրդիստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային և քաղաքական գործիչներ, մտավորականներ, Էրբիլում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների անդամներ, հայ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչներ:

 

Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես  եկել Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալին, գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը, ինչպես նաև ընթերցվել է այս կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ողջույնի խոսքը:

Նախարար Մուհամմադ Սաիդ Ալին իր ելույթում նշել է, որ նման ցուցահանդեսի կազմակերպումը Էրբիլում իր տեսակով աննախադեպ է: Նա անդրադարձել է հայ-քրդական պատմական հարաբերություններին, Հայաստանի, հատկապես Խորհրդային Հայաստանի ունեցած կարևոր դերակատարությանը քրդական մշակույթի և ինքնության պահպանման գործում:

 

1 (2).jpg (84 KB)

Նախարարը անդրադարձ է կատարել նաև իր՝ նախորդ տարի օգոստոսին Երևան այցին՝ հատուկ ընդգծելով, որ քրդական պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Նշվում է, որ պատմական նշանակություն ունեցող նյութերի ցուցադրումը ևս մեկ անգամ ի ցույց է դրել Հայաստանի կարևոր դերակատարությունը քուրդ, եզդի, ասորի ժողովուրդների ինքնության և մշակույթի պահպանման գործում:

  • Կիսվել: