շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները կմասնակցեն Middle East Classical Music Academy դասընթացներին

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները կմասնակցեն Middle East Classical Music Academy դասընթացներին

Մերձավոր Արեւելքի դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում համաշխարհային ճանաչում ունեցող և առաջատար կատարողներ եւ դասախոսներ կանցկացնեն մի շարք բաց դասախոսություններ եւ վարպետության դասեր:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ հիմնադրամի կրթաթոշակառուները կմասնակցեն սեպտեմբերի 4-23-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացվելիք վարպետության դասերին, ինչպես նաեւ հանդես կգան կատարումներով:

Այս մասին հաղորդագրություն է տարածել հիմնադրամի մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ Middle East Classical Music Academy-ն անցկացվում է InClassica միջազգային երաժշտական փառատոնի (օգոստոսի 28-ից սեպտեմբերի 26-ը) շրջանակներում, որը կազմակերպել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) նախագահ Կոնստանտին Իշխանովի և SAMIT Event Group-ի նախաձեռնությամբ:

«Հիմնադրամի տասը կրթաթոշակառուները՝ Դավիթ Բոյաջյանը (ջութակ), Ասյա Անիսիմովան (ջութակ),  Մարի  Հակոբյանը (թավջութակ), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Տիգրան Գասպարյանը (հոբոյ),  Դավիթ Տոնոյանը (ֆագոտ), Սաթենիկ Գալստյանը (գալարափող), Միհրան Առաքելյանը (շեփոր), Սամվել Դավթյանը (տրոմբոն) եւ  Գուր Սարգսյանը (դաշնամուր) սեպտեմբերի 5-ին կկատարեն Էդվարդ Միրզոյանի «Վալսը» և Արամ Խաչատրյանի «Այշեի պարը» «Գայանե» բալետից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ սեպտեմբերի 4-ին և 5-ին իրենց կատարումներով հանդես կգան հիմնադրամի կրթաթոշակառուներ Մարի Հակոբյանը, Ասյա Անիսիմովան, Գուր Սարգսյանը, Հայկ Հեքեքյանն ու Դավիթ Բոյաջյանը:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը կազմակերպել է նաեւ 6 դաշնակահարների`Արիանա Կարապետյանի, Աստղիկ Ղուկասյանի, Մարգարիտա Միքայելյանի, Գառնիկ Մսրյանի, Վալերի Պոլոյանի և Մարի Փոշոտյանի մասնակցությունը Մերձավոր Արեւելքի դասական երաժշտության ակադեմիայի դասընթացներին: Ժյուրիի կողմից ընտրված դաշնակահարները պետք է մասնակցեին 2020 թ. Մալթայի դասական երաժշտության ակադեմիայի վարպետության դասերին, սակայն, համավարակով պայմանավորված, նրանց մասնակցությունը հետաձգվել էր:

Դաշնակահարուհի Աստղիկ Ղուկասյանը հանդես կգա մեկ կատարումով` Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Հիմնադրամի կրթաթոշակառուներին ու դաշնակահարներին հնարավորություն է ընձեռվելու ունկնդրել InClassica միջազգային փառատոնի բոլոր համերգները: Փառատոնի ընթացքում երաժշտական իրադարձությանը կմասնակցեն համաշխարհային ճանաչում ունեցող 37 կատարողներ, 8 առաջատար նվագախմբեր, 12 դիրիժորներ։ Փառատոնը կանցկացվի Արաբական Միացյալ Էմիրությունների ամենանշանակալի հարթակներում՝ Դուբայի օպերայում և Coco-Cola Arena-ում։

InClassica միջազգային փառատոնի մասնակիցների թվում են «Գրեմմի» և Էվերի Ֆիշերի մրցանակների արժանացած ջութակահար Գիլ Շահամը, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևը, «Էմմի», ECHO Klassik մրցանակների դափնեկիր, օպերային երգչուհի Դանիել դե Նիզը, «Գրեմմի» մրցանակի արժանացած, Gramophone Classical Music Award-ի կրկնակի դափնեկիր, Edison Classical Music Award-ի 5-ակի դափնեկիր, ջութակահար Մաքսիմ Վենգերովը և մեծ ճանաչում վայելող այլ արտիստներ։

Փառատոնին կմասնակցեն Ռուսաստանի ազգային նվագախումբը, Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Ռեյնլանդ-Պֆալցի Գերմանիայի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և այլ հայտնի նվագախմբեր, որոնք կներկայացնեն համերգային բազմազան ծրագրեր։

 «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2021/2022 թթ. կրթաթոշակառուները հայտնի կդառնան այս ամսվա վերջում:

  • Կիսվել: