չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
ԵՊՀ-ն առաջնահերթություն է տալիս գիտությանն ու միջազգային համագործակցությանը․ Բարխուդարյան

ԵՊՀ-ն առաջնահերթություն է տալիս գիտությանն ու միջազգային համագործակցությանը․ Բարխուդարյան

Երևանի պետական համալսարանի համար նման մակարդակի քննարկումները սերտորեն կապված են բուհի զարգացման մեր ընդհանուր տեսլականի հետ, քանի որ մենք առաջվա պես առաջնահերթություն ենք համարում գիտությունը, հետազոտություններն ու ակտիվ միջազգային համագործակցությունը։ Հոկտեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանում ընթացող «Տնտեսության տրանսֆորմացիա․ «կանաչ» տրանսֆորմացիա, ինստիտուցիոնալ որակ և արժեքի ստեղծում» համաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը։

Նա հավելել է, որ այն, ինչ սկսվել էր որպես միջազգային գիտական նախաձեռնություն, այժմ արդեն ավանդույթ է դարձել։ Համաժողովում ականավոր գիտնականների և հետազոտողների ներկայությունը, նրա գնահատմամբ, վկայում է ոչ միայն միջոցառման միջազգային ընդգրկման աճի, այլև քննարկվող հարցերի կարևորության մասին․ հարցեր, որոնք վերաբերում են ինստիտուտների դերակատարմանը և արմատապես փոխում են տնտեսական զարգացման մասին պատկերացումները։

«Ակադեմիական շրջանակների, մասնավոր հատվածի, պետական կառույցների և միջազգային գործընկերների միջև սերտ փոխգործակցությունը վճռորոշ նշանակություն ունի։ Այս միջազգային համաժողովը կարող է ևս մեկ կարևոր քայլ դառնալ այն ընդհանուր ըմբռնման խորացման ճանապարհին, թե ինչպես կարելի է առավել կայուն ու ինստիտուցիոնալ առումով ուժեղ տնտեսություն կառուցել», — ընդգծել է Բարխուդարյանը։

  • Կիսվել: