«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան
Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մամուլի ասուլիսով ազդարարվել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հայաստանյան հյուրախաղերի մասին:
Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը և բեմադրիչ, գրող, դերասան Սիմոն Աբգարյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և կարևորել Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հյուրախաղերի անցկացումը.
«Անկասկած, նմանօրինակ մեծ իրադարձությունը տոն է, որը նշանավորում է Ֆրանսիայի հետ բարեկամությունը, ինչպես նաև երկարաժամկետ համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններ է ընձեռում: Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը կարևոր է ներկայացնել հայաստանյան բեմում ու հայ հանդիսատեսի համար: Սա եզակի ներկայացում է, որը մեծ արձագանքներ է ունեցել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս. երեք անգամ ստացել է Ֆրանսիայի թատերական աշխարհի գերագույն գնահատականը՝ «Մոլիեր» մրցանակը: Սա, բնականաբար, Սիմոն Աբգարյանի շնորհիվ է: Այսպիսի ներկայացումները մեր թատերական աշխարհին դինամիկա կհաղորդեն: Ուրախ եմ, որ հայ հանդիսատեսը, ուսանողներն ու թատերական գործի մասնագետները կդիտեն այսպիսի բարձրորակ ներկայացում, որտեղ կերևա, թե որքան մեծ է բեմադրիչի դերը»,- ասել է Դանիել Դանիելյանը:
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը որակել է որպես Եվրոպայի վերջին տարիների տիտղոսակիր ներկայացումներից մեկը և նշել, որ այս ներկայացմամբ իրապես տոն կպարգևվվի թատերասեր հանրությանը:«Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի որդեգրած քաղաքականության մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում միջազգային համա
գործակցությունը, հետևաբար՝ այս հյուրախաղերը ոչ միայն մեկանգամյա համագործակցություն են, այլև միտված են թատերական արվեստում փոխանակումներին, ինչը մեր հիմնական նպատակներից է»,- նշել է Վարդան Մկրտչյանը և շնորհակալություն հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և բոլոր այն կազմակերպություններին, որոնք նախաձեռնության կողքին են:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարն ընգծել է, որ երկրորդ անգամ անցկացվող Երևանյան միջազգային թատերական փառատոնն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի մշակութային կյանքում: Նա հիշեցրել է, որ նախորդ տարի փառատոնի շրջանակում երևանյան բեմում հանդես է եկել փարիզյան հայտնի «Օդեոն» թատրոնը:
«Փառատոնը հայ հանդիսատեսին թույլ է տալիս բացահայտելու համաշխարհային տարբեր թատերախմբերի ներկայացումները: Այս տարի պատիվ ունենք հյուրընկալելու Սիմոն Աբգարյանին. սա շատ կարևոր և խորհրդանշական իրադարձություն է, քանի որ նա Հայաստանն ու Ֆրանսիան իրար է կապում պատմական և բարեկամական խորը կապերով»,- ասել է Քսավիե Ռիշարը:
Սիմոն Աբգարյանը, անդրադառնալով Հայաստանում ծավալած գործունեությանը, նշել է.
«Արվեստը՝ ի դեմս թատրոնի, պետությունն ավելի ամուր է դարձնում, և թատրոնն այն վայրն է, որն ուշիմություն և ուժ է տալիս ժողովրդին: Ուրախ եմ իմ հայրենիքում՝ Հայաստանում ևս աշխատելու հնարավորության համար, ինչպես Ֆրանսիայում և Լիբանանում: Եվ իրոք, թատրոնը չի ճանաչում ազգություն և միավորում է տարբեր ազգերի ու քաղաքացիների»:
Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 19։00-ին, կներկայացվի աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը։
Ֆրանսիական ազգային թատրոնի «Մոլիեր» մրցանակի եռակի դափնեկիր «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ և տպավորիչ խորեոգրաֆիայով: «Քոմքանի դե սընք ռու» (Compagnie des 5 roues) թատերախմբի այս ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Ֆրանսիայում, այլև այլ երկրներում: Ներկայացումն ուղեկցվում է «Howlin’ Jaws» խմբի աշխույժ ռոք-ն-ռոլով, խորեոգրաֆիայով և ձայների խմբերգով, որոնք կյանք են հաղորդում յուրաքանչյուր տեսարանի: