ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եղիշե Չարենցի գործերը թարգմանվել են իտալերեն

Եղիշե Չարենցի գործերը թարգմանվել են իտալերեն

Իտալիայում Հայաստանի Հանրապտության դեսպանության և Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի նախաձեռնությամբ 2023թ․ մայիսի 16-ին համալսարանի դասական արվեստի թանգարանի ODEION սրահում, հանրահայտ դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Կառլո Վերդոնեի մասնակցությամբ կայացավ «Ես իմ անուշ Հայաստանի» հատընտիրի շնորհանդեսը, որտեղ հավաքագրված են 20-րդ դարի հայ ականավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների իտալերեն թարգմանությունները՝ հայերեն բնօրինակների հետ համատեղ, հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից:

՛՛Նույն միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև գրող, Լետիցիա Լեոնարդիի հեղինակած «Բանաստեղծի անհանգիստ կյանքը» խորագրով աշխատության շնորհանդեսը՝ Կառլո Վերդոնեի նախաբանով։

Ելույթներով հանդես եկան Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի ռեկտոր Անտոնելա Պոլիմենին, Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը, «Լա Սապիենցա» համալսարանի Հնագիտության դեպարտամենտի տնօրեն Ջորջո Պիրասը, «Ես իմ անուշ Հայաստանի» գրքի խմբագիր Դոմենիկո Պոլիտոն, Չարենցի երկերի թարգմանիչ Ալֆոնսո Պոմպելլան, «Բանաստեղծի անհանգիստ կյանքը» գրքի հեղինակ Լետիցիա Լեոնարդին, “Le Lettere” հրատարակչության ներկայացուցիչ Ֆիլիպպո Օռլանդոն և վերջում՝ դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Կառլո Վերդոնեն։

Ավելացնենք, որ վերոնշյալ հատընտիրի թարգմանությունների հեղինակներն են Մարիո Վերդոնեն, Պողոս Լևոն Զեքիյանը, Ալֆոնսո Պոմպելլան, Անուշ Թոռունյանը, Մարիամ Երեմյանը, Գրիգոր Ղազարյանիը, Հասմիկ Վարդանյանը:

Միջոցառմանը ներկա էին ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ իտալահայ համայնքի ներկայացուցչներ, «Լա Սապիենցա» համալսարանի ուսանողությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: