երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եղեգնաձորի Ջոջ-դար հնավայրի դամբարանից հայտնաբերված II-III դդ. օծանելիքի անոթները

Եղեգնաձորի Ջոջ-դար հնավայրի դամբարանից հայտնաբերված II-III դդ. օծանելիքի անոթները

Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդում են պահվում Եղեգնաձորի Ջոջ-դար հնավայրի տարածքից հայտնաբերված  խեցանոթներ, ապակե սրվակներ, բրոնզե զարդեր և այլ հնագիտական իրեր։

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի հարավային արվարձանում, թեք լանջերով բարձրունքի տարածքում   է գտնվում Ջոջ-դար հնավայրը: Այն ունի բնակատեղի և դամբարանադաշտ: Բնատակեղին տեղավորված է բարձրունքի գագաթին, իսկ դամբարանադաշտը՝ հյուսիսահայաց լանջի երկայնքով:
 
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ թիվ 30 դամբարանը պեղվել է Ջոջ-դարից հարավ գտնվող երկարուկ բլրի կենտրոնական հատվածում: Իր կառուցվածքային մանրամասներով այն չի տարբերվում տեղի դամբարանային այլ համալիրներից, սակայն պարունակում է ուշ անտիկ դարաշրջանին (մ.թ. II-III դդ.) բնորոշ կենցաղային նյութեր: Այս դամբարանի լիցքի վերին շերտում հայտնաբերվել են մ.թ.ա. I հազ. առաջին կեսին բնորոշ խեցեղենի բազմաթիվ բեկորներ: Բացառված չէ, որ ուշ անտիկ շրջանի թաղումն իրականացվել է ավելի վաղ ժամանակի դամբարանային կառույցում, որի գույքը նախապես հեռացվել է:
 
1985 թ., Եղեգնաձորի Ջոջ-դար հնավայրի № 30 դամբարանի  պեղման աշխատանքների ժամանակ (պեղ. ղեկավար Վ. Հովհաննիսյան) հայտնաբերվել  է օծանելիքի անոթ։ Բաց երկնագույն ապակուց փչման եղանակով պատրաստված սրվակն օգտագործվել է օծանելիքի կամ անուշահոտ յուղեր պահելու համար: Ունի հարթ նստուկ, դեպի վեր նեղացող իրան, երկարավուն վիզ (վզի բարձր.՝ 7,9 սմ), հարթ կտրած բոլորավուն եզրերով շուրթ:
 
Ստեղծման ժամանակը`   ուշ անտիկ, մ.թ. II-III դդ.։
Բարձրությունը՝ 14 սմ, շուրթի տրամագիծ՝ 2,6 սմ,  հատակի տրամագիծ՝ 2,4 սմ։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդի  բացառիկ նմուշներից է նաև ուշ անտիկ, մ.թ. II-III դդ. թվագրվող օծանելիքի մեկ այլ անոթ, որը կրկին հայտնաբերվել է  1985 թ., Եղեգնաձորի Ջոջ-դար հնավայրի № 30 դամբարանի  պեղման աշխատանքների ժամանակ (պեղ. ղեկավար Վ. Հովհաննիսյան)։ Բաց երկնագույն ապակուց փչման եղանակով պատրաստված սրվակն օգտագործվել է օծանելիք կամ անուշահոտ յուղեր պահելու համար:
Ունի հարթ նստուկ, դեպի վեր նեղացող իրան, երկարավուն վիզ (վզի բարձր.՝ 7,9 սմ), դեպի դուրս հակված, հարթ կտրած, սակայն բոլորավուն եզրերով շուրթ:
Պահպանված մասի բարձրությունը՝ 8,4 սմ, շուրթի տրամագիծը՝ 2,6 սմ, հատակի տրամագիծը՝ 2,7 սմ:

  • Կիսվել: