հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 9-րդ մրցույթը կանցկացվի մայիսին

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 9-րդ մրցույթը կանցկացվի մայիսին

Մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 10-13-ը, Երևանում:  Նախագիծն իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս միրզոյանական մրցույթին իրավունք կունենան մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ՝ ընդգրկվելով տարիքային երկու խմբերում: Կրտսեր խմբի ներկայացուցիչները (մինչև 13 տ., ) պետք է ներկայացնեն 1 ստեղծագործություն՝ գրված մինչև 2 գործիքի համար (առավելագույնը՝ 10 րոպե տևողությամբ), իսկ ավագ խմբի մասնակիցները (14-18 տ.)՝ մինչև 4 գործիքի համար գրված 1 ստեղծագործություն (առավելագույնը՝ 15 րոպե տևողությամբ): Մրցութային փուլը կանցկացվի մայիսի 10-ին, ժամը 17:00-ին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Նույն համերգասրահում մայիսի 13-ին էլ տեղի կունենա գալա համերգն ու մրցանակաբաշխությունը, որի մեկնարկը՝ դարձյալ 17:00-ին:            

Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, խրախուսական նվերներով, նաև հնարավորություն կունենան ձայնագրվելու ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև պատվոգրերով և մրցույթի անվանական գավաթներով: Նախատեսվում է նաև դրամական պարգևատրություն երկու խմբերի հաղթողների համար:

Դրամական պարգևներ կստանան նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մրցույթի էլեկտրոնային հասցեին ([email protected]) մինչև մայիսի 8-ը՝ կցելով անձնագրի պատճենը, հայտաձևը, մեկ որակյալ լուսանկար, ինչպես նաև ստեղծագործության նոտաները (կարող է լինել նաև ձեռագիր` ընթեռնելի տարբերակով):

Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ:

  • Կիսվել: