հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Էդգար Մխիթարյանն ու Ալեքս Գևորգյանը դարձել են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 10-րդ մրցույթի հաղթողներ

Էդգար Մխիթարյանն ու Ալեքս Գևորգյանը դարձել են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 10-րդ մրցույթի հաղթողներ

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 10-14-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 10-րդ մրցույթը: Համերգները տեղի են ունեցել Երևանում և Դիլիջանում։

Փակ քննարկման փուլի արդյունքներով մրցութային փուլերին իրավունք էին ստացել մասնակցելու 15 պատանի կոմպոզիտորներ, ովքեր ընդգրկվել են 2 տարիքային խմբերում։

Ժյուրիի որոշմամբ՝ կրտսեր խմբում առաջին մրցանակ չի տրվել, փոխարենը երկու մասնակից՝ Հայկ Ջուլհակյանն ու Արտաշես Մոսիկյանը (երկուսն էլ սովորում են Արփինե Կալինինայի կոմպոզիտորական դասարանում) կիսել են երկրորդ հորիզոնականը, իսկ երրորդ հորիզոանականը զբաղեցրել է Շավարշ Սիրեկանյանը (դաս.՝  Աշոտ Ղազարյան)։

Ավագ խմբում երրորդ հորիզոնականը կիսվել է երկու մասնակցի՝ Էրիկա Մարկոսյանի (դաս.՝ Արմենուհի Կարապետյան) և Սյուզաննա Աղամալյանի (դաս.՝ Նաիրա Դիվանյան) միջև, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Արսեն Գարսոյանը (դաս.՝ Արփինե Կալինինա)։ Այս խմբում երկու մասնակից միավորների բացարձակ հավասարությամբ հաղթողներ են ճանաչվել։ Էդգար Մխիթարյանն (դաս.՝ Մարիա Ղուշչյան) ու Ալեքս Գևորգյանը (դաս.՝ Վաչե Շարաֆյանը) պարգևատրվել են նաև դրամական պարգևներով։

 

Դրամական խրախուսանքով պարգևատրվել են նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները։ Պատվոգրերի և խրախուսական նվերների են արժանացել նաև մրցանակային հորիզոնականներ չզբաղեցրած մասնակիցները։

Գալա համերգը, որը մեկնարկել է Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ և համատեղ աղոթքով, տեղի է ունեցել Դիլիջանի Լ.Վ.Բեթհովենի անվան համերգասրահում։ Ու քանի որ տարին հոբելյանական էր, երեկոյի ընթացքում բացի մրցանակակիրներից,  իրենց գեղեցիկ կատարումներով հանդես են եկել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ԵՊԿ դասախոս, երգչուհի Լուսինե Կչոզյանը, ինչպես նաև Տավուշի թեմի ՏաԼույս մանկապատանեկան երգչախումբը (խմբավար՝ Մարիա Գալստյան)։

Մրցույթի առաջին փուլը կայացել էր մայիսի 10-ին՝ Երևանում, երկրորդ փուլը՝ մայիսի 12-ին՝ Դիլիջանում։ Մայիսի 12-14-ը երեխաներն իրեն ուսուցիչների, ծնողների հետ հանգրվանել են Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը, որտեղ նրանց համար կազմակերպվել են նաև վարպետության դասեր, դասախոսություններ ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Աննա Ասատրյանի մասնակցությամբ։

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են եղել նաև ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Էդուարդ Հայրապետյանը, ինչպես նաև մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը։

  • Կիսվել: