չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը որոշել  է օնլայն համերգների բարեգործական ծրագիր իրականացնել (լուսանկարներ, տեսանյութ)

Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը որոշել է օնլայն համերգների բարեգործական ծրագիր իրականացնել (լուսանկարներ, տեսանյութ)

Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը նոր ծրագրեր ունի, նա որոշել է օնլայն համերգների մի նոր, հետաքրքիր և բարեգործական ծրագիր իրականացնել:

«Այս ընթացքում ես գտնվել եմ Հայաստանում և ստեղծված իրավիճակին համապատասխան լուծումներ գտել: Մի քանի նոր գաղափարներ կան, որոնք արդեն իրագործման փուլում են: Առաջիկայում նախատեսվում է օնլայն համերգների մի նոր, հետաքրքիր և բարեգործական ծրագիր, որի համար մեր տանը պատրաստել ենք հարթակ: Տարբեր երգիչներ և երաժիշտներ համերգներ կանցկացնեն՝ որոշ դեպքերում կլինեն ուղիղ եթերներ, որոշ դեպքերում որակի հետ կապված նախապես համերգը կնկարահանենք, և կտեղադրենք, և դիտումների համար նախատեսված կլինի սիմվոլիկ գումար,  օրինակ՝  500 դրամ: Հավաքված գումարը որոշել ենք երկու ուղղությամբ բաշխել՝ բանակի համար, մեր հերոս տղերքի համար ինչ-որ բանով օգտակար լինել և մեր այն արվեստագետ գործընկներների համար, որոնք համավարակով պայմանավորված զրկվել են աշխատանքից ու ունեն ֆինանսական խնդիրներ: Կարելի է ասել հաճելին օգտակարի հետ համատեղելու մի ձև ենք գտել, քանի որ  համավարակով պայմանավորված գուցե դեռ երկար ժամանակ համերգներ չիրականացվեն»,-ասաց Ջիվան Գասպարյանը:

Համերգային ծրագիրը լինելու է բազմաբովանդակ, կներառվեն տարբեր ոճի կատարողներ, խմբեր և երաժիշտներ:  Բացի  այս ծրագրից, երաժիշտն այս ընթացքում կրկին օնլայն տարբերակով տարբեր երկրների երաժիշտների հետ է համագործակցել, ներկայացրել է նոր աշխատաքներ: Նա ընգրկված է համաշխարհային երաժշտական օնլայն  Beyond Music Project-ի մեջ, որտեղ տարբեր երկրներից ներառված  մասնակցիները  ծանոթանում են  իրար հետ հետ և ստեղծում նոր աշխատանքներ:  Երաժիշտը նաև  ծիրանի փայտից պատրաստված դուդուկի նման փոքր USB ֆլեշ կրիչներ է ստեղծել, որոնք համ հուշանվեր կարող են հանդիսանալ, համ էլ այնտեղ զետեղված են իր աշխատանքները, և մարդիկ կարող են ծանոթանալ մեր հայկական երաժշտության հետ:

  • Կիսվել: