հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դուդուկահար Արսեն Պետրոսյանի քառյակը հայ երաժշտությունը ներկայացրել է Չեխիայում, Շվեյցարիայում, Լատվիայում և Ռումինիայում

Դուդուկահար Արսեն Պետրոսյանի քառյակը հայ երաժշտությունը ներկայացրել է Չեխիայում, Շվեյցարիայում, Լատվիայում և Ռումինիայում

«Արսեն Պետրոսյան» քառյակը նոյեմբերի 15-22-ը Չեխիայում, Շվեյցարիայում, Լատվիայում և Ռումինիայում հանդես է եկել փայլուն ելույթներով՝ ներկայացնելով «Հոգին ճանապարհ» ծրագիրը։

Հաջորդիվ քառյակն ուղևորվել է Լատվիա, որտեղ նոյեմբերի 19-ին Ռեզեկնե քաղաքի Գորս համերգասրահում, իսկ 20-ին՝ Լիեպայա քաղաքի Great Amber համերգասրահում ներկայացրել է հայկական երաժշտություն։ Այս համերգասրահները բալթյան երկրների լավագույններից են և այստեղ առաջին անգամ էր հայկական երաժշտություն ներկայացվում։

Շրջագայությունը եզրափակվել է նոյեմբերի 22-ին Ռումինիայում՝ Բուխարեստի ազգային պատկերասրահի դահլիճում՝ Bucharest Early Music երաժշտության փառատոնի շրջանակում կայացած համերգով։
 
Բոլոր համերգներին, որոնց խորագիրը Պետրոսյանի «Հոգին ճանապարհ» ձայնասկավառակից էր, հնչել են հայկական ժողովրդական հոգևոր և աշուղական դասական մեղեդիներ։ Արսեն Պետրոսյանի՝ Լոնդոնում թողարկված «Հոգին ճանապարհ» (Hokin Janapar) ալբոմը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում։

«Հանդիսատեսը մեծագույն ջերմությամբ է ընդունել հայկական երաժշտությունը, ընկալել հայկական հոգին։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ հանդիսատեսը տպավորված էր մեր ելույթներով, համերգներից հետո մոտենում էին մեզ, հարցեր ուղղում Հայաստանի մասին, նշում, որ մեծ հաճույքով կգան մեր երկիր՝ այն տեսնելու ու բացահայտելու։ Այդպիսով, ուրախ եմ, որ ինչ-որ առումով մշակույթի լեզվով նաև նպաստում ենք մեր երկրի զբոսաշրջության զարգացմանը։ Այս տեսակ համերգային շրջագայությունները Հայաստանը օտարների համար բացահայտելու և գրավիչ դարձնելու  ազդեցություն ունեն»,-նշել է Արսեն Պետրոսյանը։ Ի դեպ, համերգներից հետո լատվիական մամուլը (Baltcis News, BOBE և այլն) Արսեն Պետրոսյանին անվանել է հայկական ժողովրդական երաժշտության դեսպան (Armenian Folk Music Ambassador):

Արսենի խոսքով՝ շատ հուզիչ էր նաև հայազգի հանդիսատեսի արձագանքը, ովքեր համերգներից հետո մոտենում էին, ջերմ մաղթանքներ հղում ու շնորհակալություններ հայտնում։  «Հանդիսատեսը նաև շատ սիրեց, որ խոսում էինք գործիքների մասին, ներկայացնում էինք ստեղծագործությունները, մեր հայկական երաժշտության պատմությունը։ Այդ ձևաչափն իրենց հետաքրքիր էր»,-ընդգծում է նա։

Քառյակի կազմում, բացի Արսեն Պետրոսյանից, հանդես են գալիս նաև Աստղիկ Սնեցունցը (քանոն), Վլադիմիր Պապիկյանը (սանթուր) և Ավետիս Քեոսեյանը (հարվածայիններ):

Հատկանշական է, որ բոլոր համերգներին մասնակցել են տվյալ երկրների տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, երաժշտական ոլորտի պրոֆեսիոնալներ։ Համերգներին մասնակցել են տվյալ երկրներում Հայաստանի դեսպանները, մասնավորապես՝ Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աշոտ Հովակիմյանը և Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. դոկտոր Սերգեյ Մինասյանը։ Չեխական համերգն անցկացվել է դեսպանի հովանու ներքո, իսկ Լատվիայում ՀՀ դեսպանությունն աջակցել է լատվիական համերգներին։ Բուխարեստի համերգին օժանդակել է Ռումինահայերի միությունը՝ ի դեմս ամբողջ թիմի և նախագահ պարոն Վարուժան Ոսկանյանի։

  • Կիսվել: