չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դրամաշնորհ ստացած մշակութային նախագծերի մեծ մասը կանցկացվի Հայաստանի սահմանամերձ համայնքներում

Դրամաշնորհ ստացած մշակութային նախագծերի մեծ մասը կանցկացվի Հայաստանի սահմանամերձ համայնքներում

Հայաստանի սահմանամերձ գոտիներում, Արցախում մշակութային կյանքի զարգացմանը նպաստելու ձգտումով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կաջակցի այն նախաձեռնությունների իրականացմանը, որոնք միտում կա կազմակերպել մարզերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ 2021-ին պետական դրամաշնորհ ստացած նախագծերի մեծ մասն անցկացվելու է սահմանամերձ համայնքներում:

«Բազմաթիվ ստեղծարար նախագծեր դուրս են մնացել ծրագրից, որովհետև այսօր մենք այլ առաջնահերթություններ և մարտահրավերներ ունենք: Առաջիկայում Սյունիքում համերգաշար է տեղի ունենալու: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Բաբաջանյանին, Միրզոյանին նվիրված ծրագրերն է ուղղորդելու դեպի համայնքներ: Տարբեր կրթական ծրագրեր են նախատեսվում դրամաշնորհների միջոցով, որոնք կբարձրացնեն, պատմության, մշակույթի, գրի մասին գիտելիքները: Մեղրիում կլինի թատերական նախագիծ՝ Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ»,-տեղեկացրեց Խզմալյանը:

Նա նշեց, որ իրանցի տարբեր պաշտոնյաներ հակված են հայ-իրանական համատեղ նախագծեր իրականացնել ու համախմբել Հայաստանի և Իրանի պատանիներին:

Անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանման հարցին՝ Խզմալյանն ասաց, որ այժմ պետական ռեսուրսը ներդրված է օկուպացված տարածքներում մնացած հայկական ժառանգության տեղեկատվական և ֆիզիկական անվտանգությանը:

Ըստ Խզմալյանի՝ այժմ թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական ռեսուրսները պետք է ներդնել ներկա պահին սահմանային գոտիներում ապրող հայրենակիցների բարոյահոգեբանական վիճակը փոփոխու, հանրային տրամադրություններ բեկելու գործին, քանի որ պարտությունը սկսում է հոգեբանությունից: «Եթե մենք ընկալում ենք մեզ ու դիրքավորում ենք որպես պարտված ու հանձնված հանրություն և ագգ, ոչ մի քաղաքական լուծում չի կարող օգնել, այնինչ այդ լուծումները գուցե ուշանան, բայց ազգը կարող է բարոյահոգեբանական ամուր վիճակում լինել և չպարտվել: Այստեղ էլ մեծ դեր ունի մշակույթը»,-եզրափակեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը:

  • Կիսվել: