շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դոնի Ռոստովում տեղի է ունեցել մարշալ Բաղրամյանի պատկերով նամականիշի հատուկ մարման արարողություն

Դոնի Ռոստովում տեղի է ունեցել մարշալ Բաղրամյանի պատկերով նամականիշի հատուկ մարման արարողություն

Դոնի Ռոստովում Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանի անվան թիվ 22 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում ՝ նվիրված մեծանուն զորապետի ծննդյան 125-ամյակին։ Հոկտեմբերի 25-ին Դոնի մայրաքաղաքում կայացել է Հաղթանակի մարշալի պատկերով փոստային նամականիշի մարում։ Այս մասին տեղեկացնում է «Երկրամաս»-ը։

«Նամականիշի դրոշմակնիքը  ծրարների վրա առաջինը դնելու պատվավոր իրավունքը վերապահվել է Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի պատգամավոր, Ռոստովի «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Սուրմալյանին, Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի պատգամավոր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Վարդերես Սամուրգաշևին, Ռոստովի մարզի տարածաշրջանային քաղաքականության և զանգվածային հաղորդակցությունների նախարարի տեղակալ Մաքսիմ Դանիլենկոյին, թիվ 22 դպրոցի տնօրեն Յուրի Կոմարովին և նույն դպրոցի աշակերտ Գեորգի Մխիթարյանին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արարողության ընթացքում ելույթ ունեցած Հարություն Սուրմալյանը կարևորել է մարշալ Բաղրամյան անձնավորության   նշանակությունը մարզային կենտրոնի բնակիչների համար ։ «Իվան Քրիստոֆորի Բաղրամյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս է։ Նրա ակտիվ մասնակցությամբ 1941 թվականի նոյեմբերին իրականացվել է խորհրդային զորքերի հակահարձակումը, որի ընթացքում ազատագրվել է Դոնի Ռոստով քաղաքը»,- ասել է նա։

Նշվում է, որ հատուկ մարումը նշանակալի իրադարձություն է ֆիլատելիայի աշխարհում։ Նման նամականիշերը հանվում են փոստային շրջանառությունից և դառնում են բացառապես կոլեկցիոն արժեք: Դոնի Ռոստովում տեղի ունեցած արարողությունից հետո մարշալ Բաղրամյանի դիմանկարով նամականիշները ի պահ կհանձնվեն «Մարկա» ԲԸ-ին:

Ըստ պարբերականի՝ Իվան Քրիստափորի Բաղրամյանը ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովրդի Հաղթանակի խորհրդանիշներից մեկն է։ Դոնի Ռոստովում նրա անունով փողոց է կոչվել, որտեղ 2021 թվականի մայիսին հանդիսավոր կերպով տեղադրվել է զորավարի կիսանդրին։ Բաղրամյանի անունով է կոչվել նաև թիվ 22 դպրոցը, որտեղ գործում է զորավարի անվան թանգարանը և որտեղ տեղի է ունեցել հատուկ մարման հանդիսավոր արարողությունը։

  • Կիսվել: