երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դատարանը բավարարել է «Հայ փոքրիկ երգիչներ»-ի փաստաբան Արթուր Մանուկյանի բողոքը

Դատարանը բավարարել է «Հայ փոքրիկ երգիչներ»-ի փաստաբան Արթուր Մանուկյանի բողոքը

Այսօր՝ հունվարի 29-ին, դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի գլխավորությամբ, բավարարել է  «Հայ փոքրիկ երգիչներ»-ի փաստաբան Արթուր Մանուկյանի բողոքը և նորից գործում որպես մեղադրյալ ներգրավել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Մաչանյանին:

Հայ փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ինչպես տեղյակ եք, Արամի 23 հուշարձան-շենքի հարևանությամբ 2018թ. շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության իրականացրած  ապօրինի շինարարության հետևանքով մասնակի փլուզվել է «Հայ փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբին պատկանող հուշարձան շենքը։

 Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ, որի հիմնական քննությունը վարում է քննիչ Խաչատուր Գալստյանը։

Վերջինս մոտ 5 տարի գործն անհարկի ձգձգելուց հետո հիմնական մեղադրյալների ցանկից ապօրինաբար հանեց շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Մաչանյանին, 2 անձի մասով քրեական գործն ուղարկեց դատարան, ապա մնացած մասով անհիմն կերպով կարճեց քրեական գործը։

Ընդ որում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված բոլոր բողոքները և դիմումները մնացին անհետևանք։

«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցության փաստաբան Արթուր Մանուկյանը քրեական գործը վերաբացելու և Գևորգ Մաչանյանին մեղադրյալների ցանկում ներգրավելու հայցով դիմեց դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Բալայանը և Նելլի Բաղդասարյանը կայացրին օբյեկտիվ և արդարամիտ  որոշումներ՝ Գևորգ Մաչանյանի և ընդհանուր քրեական գործի կարճման որոշումները վերացնելու մասին, իսկ դրանց դեմ դատախազության և Գևորգ Մաչանյանի պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքները դատավորներ Վազգեն Ռշտունին և Լուսինե Հովհաննիսյանը արդարացիորեն  մերժեցին և գործն ուղարկեցին նորից քննության:

Դրանից հետո քննիչը կատարեց ակնհայտորեն ձևական նախաքննություն, և դատախազի հետ  դարձյալ անհիմն կերպով քրեական գործը կարճեցին և կրկին անհիմն կերպով վերացրին Գևորգ Մաչանյանի մեղադրանքը։ ՀՓԵ-ի փաստաբանը այս որոշումը դարձյալ բողոքարկեց դատարանում, նիստը նշանակվեց հունվարի   26-ին։

Եվ ահա այսօր  դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի գլխավորությամբ, օբյեկտիվ և արդարացի կերպով բավարարեց  «Հայ փոքրիկ երգիչներ»-ի փաստաբան Արթուր Մանուկյանի բողոքը և նորից գործում որպես մեղադրյալ ներգրավվեց շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Մաչանյանին:

  • Կիսվել: